
Ֆումիո Կիսիդան վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները նոյեմբերի 10-ին կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ Ֆումիո Կիսիդային վերընտրել են երկրի վարչապետի պաշտոնում: Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում:
Կիսիդայի թեկնածության օգտին քվեարկել է 465 պատգամավորներից 297-ը՝ հիմնականում ԼԴԿ-ից եւ կառավարող կոալիցիայի գծով վերջինիս կրտսեր գործընկեր «Կոմեյտո» կուսակցությունից, որոնք միասին բացարձակ մեծամասնություն ունեն ստորին պալատում:
Նրան հետեւող՝ ընդդիմադիր՝ Ճապոնիայի սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել է 108 ձայն: Վերին պալատում քվեարկության արդյունքներով Կիսիդան հավաքել է 242 հնարավորից 141 ձայն, իսկ Էդանոն՝ 60:
Դրա հետ մեկտեղ վարչապետին ընտրելիս սորին պալատը գերակայություն ունի վերին պալատի նկատմամբ, եւ հենց այնտեղ քվեարկության արդյունքն է որոշում կառավարության նոր ղեկավարին: Կիսիդան կառավարող կուսակցության նախագահի պաշտոնն զբաղեցրել է սեպտեմբերի 29-ին, իսկ հոկտեմբերի 4-ին ընտրվել է վարչապետ:
Նրա վերանշանակումն այդ պաշտոնում ընդունված ընթացակարգ է խորհրդարանի ստորին պալատի՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքներով: ԼԴԿ-ն դրանից հետո կորցրել է տեղերի մի մասը, բայց պահապնել է բացարձակ մեծամասնությունը (465 տեղից 261-ը), հաղորդել է ՏԱՍՍ-ը: