«Խոսք ունեմ ասելու, խնդրում եմ հետս կռիվ չանեք…». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանը Թելեգրամի էջում գրել է «Խոսք ունեմ ասելու, խնդրում եմ հետս կռիվ չանեք։ Այսօր արդեն նոյեմբերի 10-ն է։ Կապիտուլյացիայից մեկ տարի ու մեկ օր է անցել։ Ես գիտեմ, որ ցավը շատ մեծ է։ Ես գիտեմ, որ այդ ցավը սրտներումս պահած ենք միշտ ապրելու։
Բայց, սիրելի ընկերներ, այսօրվանից սկսած ցավը պետք է լուռ տանել։ Այդ ցավը պետք է մեր ուժը դառնա ու պետք է սկսել արդեն ոտքի կանգնել։ Հավատացեք, շատ բան ունենք անելու։ Նախ պետք է փակենք այս անիծված պարտության ու խայտառակության էջը և նոր էջ բացենք՝ վերածննդի էջը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նոյեմբերի 10-ը մեր վերածննդի օրը դառնա։
Հավատցանում եմ ձեզ՝ Արցախում ամեն բան չէ կորսված։ Ավելին ասեմ՝ Արցախում շատ մեծ պոտենցիալ կա պահպանված։ Էլ ավելի բացեմ չակերտները՝ Արցախի այդ պահպանված պոտենցիալն աճելու մեծ հնարավորություն ունի։ Ու աճում է։ Գնացեք, ձեր աչքերով տեսեք։
Նորից խզվածք է առաջանում աշխարհի Facebook-յան և իրական ընկալումներում։ Այո, դժվար է։ Այո, խնդիրներ շատ կան։ Բայց նորից եմ կրկնում՝ պոտենցիալն ավելի մեծ է։ Ու շատ կարևոր է, որ մենք ճիշտ գնահատենք իրավիճակը։ Մարդկանց ճիշտ ուղերձներ փոխանցենք։ Ու ճիշտ գործելուն մոտիվացնենք։
Եկեք ամեն մեկս մեր մեջ այս նոյեմբերի 10-ը վերածննդի օր հռչակենք։ Ամենքս մեր տեղում ու մեր դիրքում աշխատենք ու կերտենք այդ տոնը մեր ժողովրդի ու պետությունների համար»։