«Տղերք, զինադադար է, Նիկոլը հողերը հանձնել ա…». սա այն է, ինչ կարող եմ պատմել նոյեմբերի 9-ի մասին. Տիգրան Նալչաջյան

Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ տարի առաջ այս օրը, ցերեկը ունեցանք մեր ամենամեծ համազորային մարտը։ Շուշիի մատույցներում կանխեցինք ադրբեջանական զորքի կողմից դեպի Ստեփանակերտ առաջխաղացումը, որտեղ առանց մեկ զոհ անգամ տալու՝ ոչնչացրինք մեծ թվով ադրբեջանցիների, իսկ նահանջողներին էլ ոչնչացրեց մեր հրետանին՝ իր դիպուկ հարվածներով, որի արդյունքում Շուշիի տակի ճանապարհին այդ և հաջորդ օրը անծայրածիր թշնամու զինվորների դիակներ էին փռված։ Կադրերը կան իմ հեռախոսի, որն ինքս եմ նկարել՝ պատերազմի ավարտից հետո հաջորդ օրը։ Քանի որ դաժան տեսարան է՝ չեմ հրապարակում։ Այդ ընթացքում, երբ ռազմական հետաքրքրությունից ելնելով գնացել էինք այդ կողմ, որտեղ թշնամին էր՝ մեզ վրա ոչ ոք չկրակեց, քանի որ կոնկրետ այդ օրը թշնամին ջախջախված էր և թշնամու նոր զորք դեռ չէր առաջացել այդ հատված։

Գիշերը սկսվեց սարսափելի ռմբակոծություն մեր դիրքերի ուղղությամբ։ Մենք ամեն օր էինք ռմբակոծության տակ, սակայն նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերվանն անբացատրելի դաժան էր ու մեզնից ոչ ոք ողջ մնալու հույս չուներ արդեն։ Աշխատում էր թշնամու հրետանու և օդուժի ողջ արսենալը։ ԱԹՍ-երը գալիս և գցում էի ռումբերը, ինքնաթիռը գալիս ռմբակոծում գնում էր, հեռվից աշխատում էր հրետանին։ Այն, որ չենք զոհվել՝ միայն ու միայն Աստծո կամքի վրա կարելի է բարդել, քանի որ այլ տրամաբանական բացատրություն այդ օրվա ռմբակոծությունից հետո ողջ մնալու՝ պարզապես չկար։ Այդպես անցավ մի քանի ժամ, ապա բոլոր զենքերը լռեցին։ Սպասում էինք կրկին թշնամու զորքի առաջխաղացմանը, քանի որ ռազմական տակտիկայի տրամաբանության մեջ է մտնում այն, որ ինտենսիվ ռմբակոծությունից հետո նրանց համազորային զորքը պետք է գա առաջ՝ նոր տարածքներ գրավելու։ Մատներս ինքնաձիգի ձգաններին անհամբեր սպասում էինք, որպեսզի կրկնեինք ցերեկվա հաջողությունը։ Սակայն որինչ տեղի չէր ունենում։

Որոշ ժամանակ անց, եկավ տղերքից մեկը և ասաց.

-Տղերք, զինադադար է, Նիկոլը հողերը հանձնել ա…

Սա այն է, ինչ կարող եմ պատմել նոյեմբերի 9-ի մասին, որպես պատերազմի մասնակից, ով պատերազմի վերջին օրերին կռվել է այդ պահի ամենաթեժ կետում»։

Տեսանյութեր

Լրահոս