
Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Նոյեմբերի 7-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ, դանակահարվածը տեղափոխվել է հիվանդանոց:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է եղել 44 և 34 տարեկան երկու տղամարդկանց միջև, որի ընթացքում 34-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 44-ամյա տղամարդուն:
Ժամը 23.00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ «ձախ միջին անոթային շրջանի ծակած-կտրած վերք, որը թափանցում է պլևրալ խոռոչ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա տղամարդ, որն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ոստիկանություն հաջորդ հաղորդումը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից էր. «ձեռքի կոտրվածք և գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի պողոտայի սուպերմարկետներից մեկի մոտ ընկնելու հետևանքով: Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: