
Լիտվան միգրանտների հոսքի պատճառով զորքեր է ուղարկել Լեհաստանի և Բելառուսի հետ սահման

Լիտվան միգրանտների հոսքի պատճառով զորքեր է ուղարկել Լեհաստանի եւ Բելառուսի հետ սահման: Այդ մասին հաղորդել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՆԳ նախարարությանը:
Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեում հաղորդել են, որ մեծ թվով փախստականներ շարժվում են դեպի Լեհաստանի հետ Բելառուսի սահման:
«Լիտվայի ՆԳ նախարար Ագնե Բիլոտայտեն հայտարարել է, որ Լիտվան զորքեր է ուղարկում Լեհաստանի եւ Բելառուսի հետ սահման»,-ասվում է Reuters գործակալության հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ Բիլոտայտեն նաեւ հայտնել է, որ կառավարությունը նոյեմբերի 8-ին կքննարկի Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմի հաստատումը: Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները հակաճգնաժամային շտաբ են հրավիրել փախստականների հետ կապված իրադրության պատճառով:
Վարշավայում Մինսկին մեղադրել են սահմանով միգրանտների տեղափոխությունը նախապատրաստելու մեջ: Երկրի իշխանությունները պնդում են, որ այդ գործողությունը կդառնա «ամենազանգվածային ուժային թափանցումը Լեհաստանի տարածք»:
Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին եւ Մինսկին մեղադրում են միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:
Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են սահմանակից տարածք: Ստեղծված իրադրության կապակցությամբ Լեհաստանի նախագահն արտակարգ դրության ռեժիմ է մտցրել սահմանին, դրա պահպանման համար ներգրավել են բանակին եւ ոստիկանությանը:
Վերջին տվյալների համաձայն, ընթացիկ տարվա սկզբից անօրինական կերպով Բելառուսից Լեհաստան են փորձել թափանցել ավելի քան 30 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: