Շնորհավորում եմ Իլհամ Ալիևին, որ նման հիասքանչ գործընկեր է ձեռք բերել. Արմինե Ադիբեկյան

Նոյեմբերի 9-ին ընդառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ծավալուն հարցազրույցով անդրադարձել է հետպատերազմական մարտահրավերներին, խոսել է սահմանագծման, սահմանազատման կարևորության մասին, ներկայացրել իշխանությունների «ընկալումներն» առ այն, որ, օրինակ, «Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն պիտի ունենա», և, որ «Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին՝ հաղորդակցություն պիտի ունենա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:

Վերջինս, թերևս, կարող ենք դիտարկել պատերազմից առաջ վարչապետի կողմից առաջարկվող այն լուծումների տրամաբանության մեջ, որը ենթադրում էր լուծումներ, որոնք ընդունելի կլինեին «և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար», և որոնք, սակայն, այդպես էլ մնացին անորոշ ու անհասկանալի:

Ինչ վերաբերում է հետպատերազմական «պարտադրվող լուծումներին», ապա հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներ մեկ անգամ չէ, որ ահազանգել են՝ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահն ուղղակի անտեսվել և անտեսվում է:

«Փաշինյանն արդեն երեք տարի է՝ մեզ ինքնամոռաց պատմում է Ադրբեջանի շահերի, իրավունքների մասին և ոչ մի պարագայում չի խոսում հայկական կողմի իրավունքների և շահերի մասին,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործադիրի ղեկավարի հերթական հարցազրույց-պարզաբանմանը՝ նշեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ հավելելով,- Նա ոչ մի նոր բան չասաց. նրանք բոլոր «արդուկներից» մեզ պատմում են, որ Ադրբեջանը պետք է Նախիջևանի հետ կապ ունենա, Ադրբեջանը պետք է Թուրքիայի հետ կապ ունենա, պետք է Հայաստանի տարածքով Եվրոպայի հետ էժան և որակով ապրանքափոխանակություն անելու հնարավորություն ունենա: Այս ամենը հիանալի է. շնորհավորում եմ Իլհամ Ալիևին, որ նման հիասքանչ գործընկեր է ձեռք բերել, բայց Հայաստանի շահն այստեղ ո՞րն է, Հայաստանն այստեղ ի՞նչ է ստանում՝ բացի տարածքային կորուստները, նվաստ վիճակը:

Հայ ժողովրդի շահը ո՞րն է՝ Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում կես բերանով մեզ չպատմեց: Ոչ մի շահ չկա. նա ընդամենը կատարում է իր վզին դրված պարտադրանքը, որոնք որևէ ձևով չեն առնչվում մեր շահերին: Ի՞նչ է նա անձնապես ստանալու դրա դիմաց, կարող ենք ենթադրել»:

Խոսելով Փաշինյանի այն մեկնաբանության մասին, թե եկել են եզրակացության, որ բոլոր քարտեզների իրավական հիմքերն այն հիմքերն են, որոնք 1920-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև և, ի վերջո, պետք է գնալ դրանց՝ ադրբեջանագետը տեղեկացրեց, որ 1920-30-ական թվականներին մի քանի քարտեզներ են դիտարկվել, և մինչև քարտեզը չներկայացվի, պարզ չի լինի, թե «ինչ հերթական հակահայկական և հակապետական պայմանավորվածությունների է գնացել Փաշինյանը»:

Այս համատեքստում նա բնական է համարում Փաշինյանի՝ ընդդիմության նոյեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգը անհիմն համարելու արձագանքը, քանի որ կարծում է՝ «Փաշինյանին դուր չի գալիս այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է նրան զրկել վարչապետի աթոռից նույն այն միջոցով, որով նա ապօրինի զավթել է իշխանությունը»:

Այդուհանդերձ, նա այս ըմբոստացումը համարում է ուշացած՝ համոզումով, որ նման քայլերի պետք էր գնալ մինչև հունիսի 20-ը:

«Պետք էր բոյկոտել ընտրությունները՝ Փաշինյանին հնարավորություն չտալով լեգիտիմացնել իր ապօրինությունը, պատերազմի սաբոտաժը, կապիտուլյացիան և մնացած բոլոր հակապետական հանցագործությունները,- ասաց նա՝ նկատելով, որ ընդդիմությունը մասնակցելով ընտրություններին՝ նրան հնարավորություն է տվել  ոչ միայն այդ ամենը լեգիտիմացնել, այլև ավելի ամրապնդվել իշխանական բարձրագույն աթոռին,- Այժմ չեմ պատկերացնում՝ ինչ ուժ պետք է լինի, որ կարողանա Փաշինյանին գոնե տեղաշարժել։ Այստեղ արդեն ոչ միայն Փաշինյանի հարցն է, այլ այն, որ արդեն ձևավորվեց հիերարխիա, ու եթե հանկարծ Փաշինյանն ընկնի ու մեռնի, շատ արագ նրա նման մեկը կգա: Անցյալ տարի այդ հնարավորությունը չկար, որովհետև այդ ամեն ինչը ձևավորված էր Փաշինյանի ուսերին և Փաշինյանի անունով. չկար ինքնավստահ մեկը, որ կարող էր ընկած դրոշը բարձրացնել:

Հիմա այդ մարդիկ կան, ու դրա համար այդ քայլող թյուրիմացությունից այսպես հեշտուհանգիստ ազատվել՝ մոռացեք. իրենք պետք է ոչնչացնեն երկիրը, իրենց «ժողջանին» այն աստիճանի սնանկացնեն, որ հենց այդ «ժողջանը» 18 թվականի պես գա ու գլխատի հենց իրենց ընտրյալ, սիրելի վարչապետին ու նրա բոլոր համախոհներին»:

Արձագանքելով 44-օրյա պատերազմի պատճառներն ու արդյունքները քննելու համար ձևավորվելիք հանձնաժողովի անհրաժեշտության մասին իշխանությունների ու Փաշինյանի դիտարկումներին՝ ադրբեջանագետը վստահեցրեց. «Դա նույն անիմաստ քննիչ հանձնաժողովն է, որը կար Ապրիլյանի դեպքում, բայց եթե Ապրիլյանի հաղթանակում նրանք որևէ լումա չեն ունեցել, ապա 2020 թվականի պարտությունը լրիվ նրանց վզով է. ի՞նչ են քննելու:

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Անդրանիկ Քոչարյանն ինքն իր վրա քրեական գործ պետք է հարուցի՞: Ես պատերազմի ողջ ընթացքում մանրամասն ուսումնասիրել եմ այդ հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը. մարդիկ բացարձակապես ոչնչով չեն զբաղվել: Ես էլ չեմ ասում՝ Անդրանիկ Քոչարյանի ստերը՝ իբր իր որդին առաջին ռազմագծում կյանք էր զոհաբերում, և կամ մնացած բոլոր հանցանքները, որոնք նրանք կատարել են այս պատերազմի գործողությունները սաբոտաժ անելու համար:

Ի՞նչ եք կարծում՝ իրենք իրենց վրա քրեական գո՞րծ են հարուցելու. իհարկե ոչ : Ուշադիր նայեք՝ ովքեր են այդ հանձնաժողով մտնում. մարդիկ, որոնք 44 օր ստել են, 44 օր ոչինչ չեն արել և միայն մեկ հրահանգ են տվել՝ հետ քաշվեք, և մարդիկ, որոնք պատերազմը բերեցին ՀՀ տարածք և դավաճանեցին Արցախը, որն օրենսդրորեն պարտավոր էին պաշտպանել»:

Տեսանյութեր

Լրահոս