
«Իրադրությունը պայթյունավտանգ է». «Լելո» կուսակցությունը Վրաստանի իշխանություններին երկխոսության է կոչում

Վրացական «Լելո» ընդդիմադիր կուսակցությունը երկրի իշխանություններին առաջարկում է հանդիպական քայլեր ձեռնարկել եւ անհապաղ երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
«Լելո»-ում նշում են, որ լարվածությունը երկրում, որն ստեղծվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, մեծանում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ բանտում հացադուլ հայտարարելու ֆոնին:
«Շիկացած հասարակության մեջ կտրուկ ավելանում են հույզերը, եւ իրադրությունն արդեն պայթյունավտանգ է դարձել: Գործընթացը բացահայտորեն վերածվում է քաոսի եւ տանում է քաղաքացիական դիմակայության»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Այսպիսի իրադրության մեջ անհրաժեշտ է ձեռնարկել խելամիտ հանդիպական քայլեր, նշում են կուսակցությունում:
«Լելո»-ն դիմումէ իշխանության ներկայացուցիչներին. անհապաղ երկխոսություն սկսենք իրադրության ապաէսկալացման համար կոնկրետ ուղիներ գտնելու նպատակով: Յուրաքանչյուր կորցրած րոպե կարող է դրամատիկ կերպով փոխել վրացական պետության ճակատագիրը: «Լելո»-ն պատրաստ է անհապաղ միանալ ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսությանը»,-նշված է հայտարարության մեջ:
Վերջին ժամանակներս բողոքի ակցիաները Վրաստանում անցկացվում են գործնականում ամեն օր: Ավելի վաղ Պետական անվտանգության ծառայությունը բողոքի կազմակերպիչներին մեղադրում էր ուժով իշխանությունը նվաճել փորձելու մեջ: Գերատեսչության տվյալներով, Ռուսթավիում եւ Թբիլիսիում պերմանենտ ակցիաների կազմակերպիչները պատրաստվում են շրջափակել պետական հաստատությունները եւ ճանապարհները, որոնք տանում են Ռուսթավիի թիվ 12 բանտ, որտեղ նստած է Սահակաշվիլին: Մասնավորապես, նրանք ցանկանում են պիկետել Վրաստանի խորհրդարանի, կառավարության վարչակազմի, արդարադատության նախարարության եւ ներքին գործերի նախարարության շենքերը՝ նրանց ամենօրյա աշխատանքային ռեժիմը խախտելու նպատակով, հաղորդել է Sputnik-ը: