ԿՌՕ-ի հրամանատարը հայտարարել է Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքների սաստկանալու մասին
Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ) բարձրացնում է զորքերի մարտունակությունը եւ դրանք զենքի նոր տեսակներով հանդերձում Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքների սաստկանալու ֆոնին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԿՌՕ-ի զորքերի հրամանատար Ալեքսանդր Լապինը:
«Կենտրոնասիական ուղղությամբ կատարվող ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը վկայում է Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքների սաստկանալու մասին: Ելնելով դրանից՝ Կենտրոնական ռազմական օկրուգում հիմնական ջանքերը կենտրոնացվել են զորքերի մարտունակության բարձրացման, ռազմական տեխնիկայի նոր եւ արդիականացված նմուշներով վերազինման, ինչպես նաեւ մարտական գործողություններ վարելու նոր միջոցների ու ձեւերի ստուգման վրա»,-ասել է նա՝ հանդես գալով «Մեդիա-Աս Ցենտր 2021» Մամուլի համառուսաստանյան փառատոնի օկրուգային փուլի հաղթողների պարգեւատրման արարողությունից հետո:
«Տեղի է ունեցել (Աֆղանստանում) իրադրության կտրուկ, ակնթարթային վատթարացում: Մենք Տաջիկստանում անցկացրել ենք ինչպես օպերատիվ, այնպես էլ տակտիկական օղակի ավելի քան 20 արտապլանային վարժանքներ: Առավել կարեւորները նրանք են, որոնք մեզ մոտ անցկացվել են «Խայբ-Մայդոն», «Մոմիրակ», «Սամբուլի» եւ «Լյաուր» զինափորձարաններում: Տաջիկստանում նախապատրաստման պսակը եղել են «Փոխգործակցություն-2021» միջազգային զորավարժությունները. մենք այս վարժանքով չենք ավարտում ուսումնական տարին: Մենք առաջիկայում Կազանի մերձակայքում անցկացնելու ենք «Անխախտ եղբայրություն» վարժանքները»,-հավելել է Լապինը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: