Իրաքում հատուկ հանձնաժողով է ստեղծվել վարչապետի դեմ մահափորձը հետաքննելու համար
Իրաքում ստեղծվել է վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի դեմ մահարփորձը հետաքննելու գերագույն հանձնաժողով:Այս մասին կիրակի հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը։
Սակրավորները վնասազերծել են չպայթած ականը, որը հայտնաբերվել է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում՝ «կանաչ գոտում» գտնվող կառավարության ղեկավարի նստավայրի տանիքում:
Անցած գիշեր Բաղդադում մահափորձ է կատարվել վարչապետի նկատմամբ ականապատ ԱԹՍ-ի կիրառմամբ: Ալ-Քազիմին չի տուժել, հարձակման հետեւանքով վիրավորվել է նրա անվտանգության ծառայության մի քանի աշխատակից: Նստավայրին լուրջ նյութական վնաս է հասցվել. վնասվել են շենքի դռներն ու պատուհանները, կառուցվածքը: Ներկայում «կանաչ գոտու» անվտանգության միջոցառումները զգալիորեն ուժգնացվել են:
Արաբական երկրի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ հարձակման ժամանակ գործարկվել է երեք անօդաչու, որոնցից երկուսին հաջողվել է որսալ, իսկ երրորդը հասել է նշանակետին: Այդ ժամանակ ալ-Քազիմին պատրաստվում էր տուն մտնել: Բացի այդ, հարձակմանը նախորդել է քաղաքում ինտենսիվ փոխհրաձգությունը: Ի սկզբանե հաղորդվում էր, որ վարչապետը վիրավորվել է, սակայն ավելի ուշ նա գրել էր թվիթերյան իր էջում, որ ամեն ինչ կարգին է իր մոտ:
Shafaq News տեղեկատվական հարթակի տվյալներով՝ Իրաքում վարչապետի դեմ մահափորձը կապում են Բաղդադի կենտրոնում ուժայինների եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարների միջեւ արյունալի բախումների ալիքի հետ: Տեղի ունեցած բախումների պատասխանատվությունը որոշ քաղաքական ուժեր վերագրում են ալ-Քազիմի վրա: