
«Բոլորովին պատահական չեմ համարում, որ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն ամբողջովին համընկնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ». Լարիսա Ալավերդյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում խոսելով սահմանային իրավիճակի մասին և դրա վերաբերյալ ՄԻՊ Արման Թաթոյանի գործողություններից ու հայտարարություններից, ասել էր, որ Ա. Թաթոյանի բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթի են, և մի քանի ամիս անց ՔՊ-ն առաջադրելու է ՄԻՊ իր թեկնածուին։
168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով ԱԽ քարտուղարի այս հայտարարությանը, նշեց՝ այդ ամենը վերին աստիճանի հետամնաց անձանց և հետամնաց խմբի նշան է։
«Թող ինձ բոլորը ներեն, բայց այդպես է։ Իշխանությունների այս դրսևորումները մենք չենք տեսնի ոչ մի այլ պետության մեջ։ Արդեն առիթ ունեցել եմ ասելու, ցանկացած մարդ ինչ-որ ոլորտում ունենում է տաղանդ, ո՛չ այն ոլորտը, որտեղ Արմեն Գրիգորյանը պաշտոն է զբաղեցնում, և ո՛չ էլ այն ոլորտը, որի մասին ինքը խոսում է (խոսքը Մարդու իրավունքներին է վերաբերում), չի դրսևորվում Արմեն Գրիգորյանի տաղանդը։
Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանն իր տաղանդի համար պետք է այլ ոլորտներ փնտրի։ ԱԽ քարտուղարի ասածները վերին աստիճանի ցածր մակարդակի են, բացարձակապես չունենալով պատկերացում, թե ինչ է քաղաքական հայտարարությունը, Արմեն Գրիգորյանը խոսում է նրա մասին, ինչը ՄԻՊ-ն անում է։ Բոլորովին պատահական չեմ համարում, որ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն ամբողջովին համընկնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ։ Արման Թաթոյանն իր բոլոր հայտարարություներով, իր ոսկերչական հմտություններով կարողացել է ամբողջովին մնալ Մարդու իրավունքների պաշտպանության դաշտում և որևէ մեկ անգամ հավակնություն չի ունեցել հայտնվել իշխանությունում։ Այս ամենը հիացմունքի արժանի աշխատանք է»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։