ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում վերադասավորումներ իրականացնել․ Տարասով

Տարածաշրջանում ռուս-թուրքական կամ առավելապես թյուրքական առանցքի ամրապնդման հեռանկարների ֆոնին ուշագրավ ակտիվություն է ցուցաբերում ռեգիոնում Միացյալ Նահանգները։ Հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարության հարցերով գագաթաժողովի, որը, Սպիտակ տան հաղորդմամբ, տեղի կունենա հաջորդ ամիս։ Ամերիկյան ամսագրերից մեկը տեղեկացնում է, որ Հայաստանի հարևաններից հրավիրվածների շարքում է միայն Վրաստանը։

Ուշագրավ է, որ ներառված չեն Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։ Հետսովետական տարածաշրջանից ԱՄՆ-ը միջոցառմանը հրավիրել է միայն Հայաստանին, Վրաստանին, Մոլդավային և Ուկրաինային։

«Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում և այսուհետ չի վարանելու առավել կոշտ դիրքորոշում բանեցնել ավտորիտար երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Չինաստանի հանդեպ։ Այս ուղերձը ես փոխանցել եմ Ռուսաստանի նախագահին մեր առաջին իսկ հեռախոսազրույցում»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ տարեսկզբին։

Հատկանշական է, որ այս օրերին Երևանում հանդիպում և քննարկումներ անցկացրեցին տարածաշրջանում և տարածաշրջանի խնդիրներով զբաղվող ամերիկացի դիվանագետները, երբ Երևան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։ Տարածաշրջանում Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից առաջ մղվող 3+3 պրոյեկտին զուգահեռ՝ Վրաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում է հարթակ, որն ունի Արևմուտքի՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությունը։ Բացի այդ, Միացյալ Նահանգներն այս շրջանում փորձում է էլ ավելի ամրապնդել Վրաստանի և Ուկրաինայի անվտանգային համակարգերը։ Հենց այդ նպատակով վերջերս այս երկրներում էր Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ սուր ուղերձներ հղելով Ռուսաստանին և քննադատելով 3+3 ծրագիրը։ Իսկ ԱՄՆ Սենատում քննարկվում է վերադարձն Ազատության օրինագծի 907-րդ փոփոխության իրականացմանը, որն արգելում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ տարածաշրջանի համար աշխարհաքաղաքական պայքար է ընթանում։ Նրա խոսքով, դրան Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում, սակայն ամերիկյան ակտիվությունը ևս հեռանկարային չի համարում՝ հաշվի առնելով բոլոր այն գործընթացները, որոնք կան ռեգիոնում։

«Այն, որ հենց այս տարի ԵՄ-ն ֆինանսական մեծ ծրագրեր սկսեց իրականացնել Հայաստանում՝ ևս պատահական չէր․ Հայաստանը Արևմուտքի կողմից դիտարկվում է հենց այդ փաթեթում, որում Վրաստանը, Ուկրաինան են։ Սակայն, կարծում եմ՝ Հայաստանի իրավիճակը բավականին բարդ է, քանի որ Հայաստանը պատերազմի ընթացքում միայնակ էր մնացել իր խնդիրների հետ։ Ցանկացած բարդ իրավիճակում տարածաշրջանում խնդիրներ լուծողները հայտնի են։ Ռուսաստանը դեմ չէ, որ այդ գումարները գան և ներդրվեն, զարգանա երկիրը, քանի որ Հայաստանը մեծ վնասներ է կրել պատերազմից հետո։

Բացի այդ, սա քաղաքականություն է նաև Թուրքիայի դեմ, ոչ միայն Ռուսաստանի, որը խաղում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ մեկ այս, մեկ այն դաշտում։ Ռուսաստանն ու Թուրքիան մեծ նարդի են խաղում, ժամանակ առ ժամանակ էլ՝ ջերմ շփվում են, բայց ամեն ինչ ոչ միշտ է ճիշտ ու լավ։ Կարծում եմ՝ որևէ տերության համար լիովին հասկանալի չէ, թե վերադասավորումներն ինչ պատկերի կհանգեցնեն, գուցե բոլորն էլ ազդեցության իրենց գոտիները ստանան, կամ որոշ խաղացողներ վերջնականապես դուրս մղվեն ռեգիոնից։ Բայց ասել, որ ԱՄՆ-ը հրաժարվել է ռեգիոնից՝ սխալ կլինի, պարզապես նա խաղը վարում է իր գործընկերների միջոցով։

Ավելի մեծ ներգրավվածություն չի կարող լինել։ ԱՄՆ-ը այդպես չի խաղում, իսկ Վրաստանը, եկեք ընդունենք, որ Անդրկովկասում չունի այն ազդեցությունը, ինչ մնացած բոլոր խաղացողները։ Սակայն տեղի է ունենում Վրաստանի դերի մեծացման գործընթաց, վստահ չեմ, որ հաջող գաղափար է, սա ընդդեմ Թուրքիայի է։ Բայդենի կառավարությունն իրականացրել է մի շարք քայլեր Թուրքիայի դեմ, տրամաբանական է այս ամենը, փորձում է կշիռներ փոխել»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս