«Ինձ համար էլ էր բացահայտում». Արմեն Թավադյանը՝ իր «Տիեզերքի» մասին
«Գրանդ Հոթել Երևան» հյուրանոց ցուցադրությունների սրահում բացվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր, գործարար Արմեն Թավադյանի «Տիեզերքը» խորագրով ցուցահանդեսը:
Արմեն Թավադյանը լրագրողների հետ զրույցում ի սկզբանե հայտարարեց՝ ես նկարիչ չեմ, պարզապես սա իմ հոբբին է:
«Սկզբում փորձեցի նկարել օֆիսային պայմաններում: Նկարեցի, ստացվեց: Մարդիկ տեսան, իրենց էլ դուր եկավ, ու դա ինձ ոգեշնչեց: Սա ինձ համար էլ է բացահայտում: Սկսել եմ նկարել այս տարվա հուլիսի կեսից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տրամադրությունն է թելադրում գույները:
168.am-ի դիտարկմանը՝ սովորաբար պրոֆեսիոնալ նկարիչները տարվա մեջ հազիվ մեկ նկար են նկարում, իր դեպքում կարծես այդպես չէ, դա ինչո՞վ է բացատրվում, վերջինը պատասխանեց.
«Հա, ինձ մոտ մի քիչ ավելի արագ է ստացվում: Մեկ ամսում 30-40 ստեղծագործություն եմ նկարում»:
Ցուցահանդեսի կազմակերպիչ, ART PR-ի նախագահ Գայանե Դավթյանի համար սա բացահայտում էր, քանի որ, նրա խոսքով, շատ քիչ մարդիկ են կարողանում աշխատել այնպիսի բարդ նյութի հետ, ինչպիսին ակրիլն է:
«Գործ ունենք շատ հետաքրքիր կերպարի հետ: Գործերը դեռ արվեստի շուկայում չենք ներկայացրել, և գնորդները պետք է հայտնվեն այս ցուցահանդեսից հետո: Կտավները շուտով կհայտնվեն սոցիալական ցանցերում, աճուրդներում: Գործերը շատ էներգետիկ են, պայծառ»,- մեզ հետ զրույցում ասաց Գայանե Դավթյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ նշեց, որ Արմեն Թավադյանին վերջին երեք տարում է ճանաչում, և բացահայտումն այն է, որ երբևէ չէր կարող պատկերացնել, որ այսպիսի ջիղ կարող է ունենալ: «Կարծում եմ, ոչ միայն ինձ, այլև երկար տարիներ իրեն ճանաչող ընկերների համար իսկապես բացահայտում էր»,- ընդգծեց Ագնեսա Խամոյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի համար, պարզվեց, փաստը, որ պարոն Թավադյանը ստեղծագործում է, հայտնի փաստ է եղել:
«Գիտեմ, որ պարոն Թավադյանը նկարներն անվանակոչել չի սիրում, համարում է, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է հասկանա, թե ինչ է տեսնում նկարում: Հետաքրքիր ոճ ունի, և միակ բանը, որ իրեն կարող եմ մաղթել՝ այն է, որ մեր երկիրը լինի այնպիսի կարգավիճակում, խաղաղության և անդորրի մեջ, որպեսզի պարոն Թավադյանը և այլ մարդիկ, ովքեր ստեղծագործելու ձիրք ունեն, ժամանակ ունենան դրանով զբաղվելու, ոչ թե զբաղվեն շատ ավելի տհաճ գործառույթներով»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի համար, սակայն, սա բացահայտում էր:
«Գեղեցիկ գործեր ենք տեսնում: 44-օրյա պատերազմից, այդ աղետից հետո մեր երկրում շատ մարդկանց մոտ շատ բան կարող էր փոխվել: Լավ է, որ պարոն Թավադյանի մոտ փոխվել է դեպի արվեստ, և մենք այսօր արդեն ունենք ցուցահանդես»,- նշեց Արթուր Վանեցյանը: