Բաժիններ՝

Ինչո՞ւ է տապալվում պատվաստման գործընթացը. ո՞ւր են Նիկոլին և նրա թիմին ձայն տված 688.761 քաղաքացիները

Հայաստանում կորոնավիրուսային համավարակը շարունակում է իր դաժան հաղթարշավը՝ ամեն օր մահաբեր վարակից մահացության նոր ռեկորդներ գրանցելով:

Օրեր առաջ գրանցվեց 1 միլիոն բնակչին ընկնող մահերի քանակով հերթական ռեկորդը՝ 62 քովիդ մահ, երեկ էլ դրանց թիվը փոքր չէր՝ 50, այսօր՝ 46:

Հայաստանը յուրատեսակ տխուր հակառեկորդներ է գրանցում, մինչ հայրենի իշխանությունները ընտրել են քովիդի դեմ պայքարելու՝ բնակչությանը շանտաժի ենթարկելու անհեռանկար տարբերակը:

Այս երկու ֆոտոպատկերներում աշխարհում ու Հայաստանում քովիդ իրավիճակի և պատվաստումների գրաֆիկական արտացոլանքն է:

Գրաֆիկներից մեկը, որի տվյալները թարմացված են նոյեմբերի 1-ի դրությամբ, ցույց է տալիս, որ 1 միլիոն բնակչի հաշվարկով Հայաստանում քովիդային մահերը տասնյակ անգամներ գերազանցել են այն երկրների մահերի ցուցանիշները, որտեղ բնակչությունն ամբողջովին պատվաստված է: Ընդ որում, երկրները բերված են տարբեր աշխարհամասերից:

Ընդ որում, այս գրաֆիկը հրապարակել էր նաև Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Հաջորդ գրաֆիկական պատկերն այն մասին է, որ Հայաստանն աշխարհի 46 երկրների կտրվածքով պատվաստումների մակարդակով գտնվում է ամենավերջին տեղում՝ պատվաստվածների քանակի 7 տոկոս մակարդակով, թեպետ երեկ խոսում էին 12 տոկոսանոց ցուցանիշի մասին:

Եվ այս աղետալի ֆոնին երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կառավարության նիստում սպառնում է՝ երկիրը լոքդաունի չի գնալու, գնացեք, պատվաստվեք, իսկ առողջապահության նախարարն էլ իր հրաժարականի համար որևէ պատճառ չի տեսնում:

Ակնհայտ է, որ այս իշխանությունները տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը, առավել ակնհայտ է, որ ամենուր մահ սփռելն արդեն սովորություն է դարձել նրանց մոտ, եթե հաշվի առնենք վերջին 3.5 տարիների ընթացքում այս իշխանությունների օրոք գրանցված զոհերի քանակը պատերազմից ու քովիդից:

Ու փոխանակ խոսեն մարդկանց հետ, բացատրեն իրավիճակի լրջությունը, խնդրեն, եթե անհրաժեշտ է, եթե այս երկրում քաղաքացու կյանքը որևէ նշանակություն ունի նրանց համար, դիմում են ազգաբնակչությանը տեռորի ենթարկելու գործելաոճին, ինչն էլ իր հայելային արտացոլանքն է գտնում պատվաստումների ցուցանիշի վրա. մարդիկ պարզապես հրաժարվում են լսել որևէ փաստարկ:

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվում, որ Արցախը բարով-խերով հանձնած, երկրի սահմանները վտանգի տակ դրած, ամեն օր կտոր-կտոր թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնող իշխանությունը կարողանում է դա բացատրել, համոզել բնակչությանը, ի վերջո, մարսել ու հետո կրկին քվե ստանալ, բայց չի կարողանում երկրի բնակչությանը համոզել, որ այս պահի դրությամբ վարակի շղթան կոտրելու միակ տարբերակը, ասենք, պատվաստումն է:

Եվ, ի վերջո, ինչպե՞ս է ստացվում, որ ժողովուրդը համաձայնում է Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղության դարաշրջանին ու հավատում թուրքերի հետ խաղաղ ապրելու հեռանկարին, իսկ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվում է:

Հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 688.761 ձայն: Ո՞ւր են նրան ու նրա թիմին ձայն տվողները, ինչո՞ւ չեն հետևում իրենց նախընտրած քաղաքական ուժի կոչերին և չեն պատվաստվում: Չե՞ն հավատում իրենց նախընտրած քաղաքական թիմին՝ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, Սուրեն Պապիկյան, Արսեն Թորոսյան, Տիգրան Ավինյան, Մհեր Գրիգորյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյաններ ու Արարատ Միրզոյաններ, Անդրանիկ Քոչարյաններ…

Նիկոլ Փաշինյան մանիպուլյատորի համար հատկապես իր ընտրողներին պատվաստվել համոզելը պետք է որ խաղ ու պար լիներ. հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի ստացվում… Իսկ գուցե չի՞ ուզում… Իսկ միգուցե հասկանո՞ւմ է, որ «ֆեյք» էին ընտրության այդ արդյունքները, և իր «պողպատե» մանդատ կոչվածն իրականում կեղծված լաթի կտո՞ր էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս