Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումը, թե ԼՂ խնդիր գոյություն չունի, կապ չունի իրականության հետ. քաղաքագետ

Վերջին շրջանում ընթացող մի շարք զարգացումները տանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերակենդանացմանը: Երևանում նոյեմբերի 6-ին կայացած «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ամենայն հավանականությամբ այն իր աշխատանքները կվերականգնի, դա երևում է բազմաթիվ ցուցիչներով: Երեք համանախագահ երկրներին և Հայաստանին դա պետք է, կտրուկ դեմ արտահայտվողը միայն Ադրբեջանն է: Այս պարագայում անհրաժեշտ է առանձնացնել Ադրբեջանի հռետորաբանությունը ռեալ քաղաքականությունից: Ադրբեջանի այն հրապարակային դիրքորոշումը, թե ղարաբաղյան խնդիր գոյություն չունի, այնքան էլ կապ չունի իրականության հետ, այն ավելի շուտ ուղղված է ներքին քաղաքականությանը: Ալիևն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված է, այն այլևս գոյություն չունի, գալիս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ասվում է, թե նրանց այցը հետաքրքիր չէ, բայց լրագրողներին դուրս են հրավիրում, դռները փակվում են, ու բանակցությունները տևում են ժամեր: Կրկնում եմ, բազմաթիվ ցուցիչներ վկայում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնվելու են»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերականգնումը կհանգեցնի իրավիճակի փոփոխության, կսկսվեն որոշ քննարկումներ և գործընթացում ներգրավված կլինեն ոչ միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը, այլև Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:

 

Տեսանյութեր

Լրահոս