Հայ-ադրբեջանական սահմանի որոշում, «3+2» ձևաչափ, «Զանգեզուրի միջանցք». ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել. Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերություն բոլոր ազիմուտներում։ Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ համարժեք հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,-ասվում է փաստաթղթում:
Դիվանագիտական ծառայությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է հանգիստ հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն առ այն, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»:
«Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն», – նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
Ինչպես նշել են նախարարությունում, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։
«Մենք չենք կարողացել համաձայնության գալ մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ, և դա նորմալ է: Բայց արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:
Հայ-ադրբեջանական սահմանի որոշման բանակցությունների մեկնարկի մասին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար, ասվում է հայտարարության մեջ։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ <…> Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է` դրան հաջորդելիք սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման իր հարուստ փորձը այլ երկրների հետ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու և ճնշելու կոնֆլիկտային իրավիճակները և կարգավորելու միջադեպերը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Շուրջօրյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ համապատասխան տեղեկատվության փոխադարձ փոխանակման ուղղությամբ: Հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկը, նշել է ՌԴ ԱԳՆ-ն, եռակողմ աշխատանքային խմբի (ԵԱԽ) աշխատանքն էր։
ՌԴ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակելու եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով։
«Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի ներուժը հեռու է սպառվելուց, ինչի մասին է վկայում 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ՄԽ համանախագահների հովանու ներքո՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում: Հանդիպման օրակարգում հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր էին։ Համանախագահների ծրագրերն են՝ այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերաբերյալ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ԵԱԽ-ի ութ հանդիպումների արդյունքում, հիշեցնում է ՌԴ ԱԳՆ-ն, ներկայացվել է զեկույց, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ երթուղիներ՝ վերականգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապը՝ ելքով դեպի հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցություններ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և կներգրավի լրացուցիչ ներդրումներ։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ» միջազգային զարկերակի իրագործնման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս, նշել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Կարևոր է հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո, որը ուռճացվում է ԶԼՄ-ներում, որ ԵԱԽ-ի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։