Պոլիտեխնիկի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Պոլիտեխնիկի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, ըստ որի առաջիկայում զարգացվելու և վերազինվելու է ՀԱՊՀ-ում գործող օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիան, ինչպես նաև իրականացվելու է համատեղ ուսումնասիրություններ և հետազոտություններ։ Էական նշանակություն է ունենալու նաև տեղական և միջազգային գործընկերների, այդ թվում միջազգային հեղինակավոր համալսարանների հետ համագործակցությունը։
Պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, Գիտական նորարարության և կրթության կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկ Չոբանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հյուրեր։
Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը նշեց․ «Ուրախ ենք Ձեզ տեսնելու մեր համալսարանում։ Լիահույս եմ, որ այս պայմանագրով նոր որակի համագործակցություն ենք ունենալու։ Այս համագործակցությունը արտահայտվելու է համատեղ գիտական մշակումների, կրթական բովանդակության, ինչու չէ, նաև համատեղ ուժերով միջազգային փորձի ներգրավման կոնտեքստում։ Համագործակցության այս ձևաչափը Պոլիտեխնիկական համալսարանի համար չափազանց կարևոր է, որովհետև անօդաչու թռչող սարքերի կամ օդային ռոբոտատեխնիկայի ոլորտը առհասարակ միավորում է դասական ինժեներական մասնագիտությունների մի շարք ուղղություններ։ Այդ ուղղությունները առանձին պատկերացնելը անհնար է, և նոր գիտության, ժամանակակից տեխնոլոգիաների մշակման արդյունքները ցույց են տվել, որ ոլորտի համագործակցությունն արտահայտվում է թե գիտական խմբերի, թե կրթական տարբեր ուղղությունների համատեղ աշխատանքի արդյունքում։ Մենք դիտարկում ենք, որ այս համագործակցության արդյունքում լինելու է այնպիսի բովանդակություն, որի շրջանակներում Պոլիտեխնիկը հնարավորություն է ունենալու բարելավել և՛ գործող կրթական ծրագրերը, և՛ նախատեսել նոր կրթական ծրագրեր։ Այստեղ լինելու է այնպիսի գիտական մշակումների պոտենցիալ, որ ուսանողները, երիտասարդ ինժեներները տեսնելու են ապագա՝ կրթական նոր իրականության մեջ։ Այն լինելու է գիտական մշակման արդյունքը արտադրության և երկրի անվտանգության հարցերում։ Մեր դիտարկմամբ՝ Պոլիտեխնիկական համալսարանը ունի ենթակառուցվածքներ, բավական գիտական և մտավոր ներուժ, իսկ համագործակցող մյուս կողմն ունի համապատասխան որակներ՝ մասնագիտական և ֆինանսական, որի միջոցով մենք կարող ենք այս միջավայրում համատեղ գիտական արժեք ստեղծել»։
Ելույթներ ունեցան նաև ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկ Չոբանյանը։
Ըստ Հ․Չոբանյանի Հայաստանի համար նորարարության, գիտելիքի, գիտության արդյունաբերության նոր ժամանակաշրջան պետք է գա և այդ ժամանակաշրջանը պետք է գա հենց նմանատիպ նախաձեռնություններով։ «Համոզված եմ, որ այսօր ընդամենը մի փոքր գործընթաց ենք սկսում այն մեծ ճանապարհին, որը մեզ սպասվում է առջևում և թող Աստված մեզ ուժ տա, որ մենք բոլորս համախմբված լինենք և կարողանանք երկարաժամկետ մեծ և հաղթանակի տարվող խնդիրները լուծենք։ Հաջողություն բոլորիս։»,-նշեց Հ․Չոբանյանը։
Համագործակցության պայմանագրով նախատեսվում է նաև լաբորատորիայում ներգրավվել բարձրակարգ տաղանդներ Հայաստանից և ամբողջ աշխարհից՝ կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր, միջազգային գործընկերություններ, ռազմավարական ներգրավվածություններ և խորհրդատվական հարթակներ ստեղծելու համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում արդեն տարիներ է ինչ գործում է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը, որը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը: