«Իշխանությունները փորձում են մեղավորներ գտնել պատերազմի պարտության մեջ. սա հերթական քաղաքական բեմականացումն է». Ստեփան Գալստյանի փաստաբան

«Անորակ հրթիռների» գործով անցնող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը տեղեկություն չունի այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մոտ իշխանությունների ներկայացուցիչները բարեխոսում են, որպեսզի Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխվի:

Նշենք, որ նման տեղեկություն հրապարակել էր լրատվամիջոցներից մեկը և գրել, թե բարեխոսումները դեռևս արդյունք չեն տվել:

«Նման տեղեկություն չունեմ, չեմ կարող ձեզ հստակ բան ասել: Ինչ վերաբերում է հետագայում կալանքի ժամկետի երկարաձգմանը, եթե օբյեկտիվ լինեն, ապա պետք է չերկարացնեն: Իսկ եթե իրենց քաղաքականությամբ պիտի զբաղվեն, չի բացառվում, որ երկարաձգեն կալանքի ժամկետը»,- 168.amի հետ զրույցում ասաց Գալստյանի փաստաբանը:

Մեզ հասած տեղեկություններով, «անորակ հրթիռների» գործով ձերբակալված ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանից և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանից փորձ է արվել ցուցմունքներ կորզել Ստեփան Գալստյանի դեմ` պայմանով, որ կալանավորման միջնորդությամբ չեն դիմի դատարան:

ԳՇ պետի տեղակալի փաստաբանն ասաց, որ այս մասով որևէ բան ասել չի կարող:

«Գործի առանձնահատկություններից ելնելով՝ չեմ կարող մանրամասներ հայտնել»,- շարունակեց Օնիկ Առաքելյանը:

Ստեփան Գալստյանի փաստաբանը ևս այն կարծիքին է, որ եթե տեխնիկական և ապրանքագիտական մասով փորձաքննություն անցկացվի, ապա ամեն ինչ պարզ կլինի, ուստի համապատասխան մարմինը դրան չի գնում:

«Կպարզվի, որ այդ հրթիռները լավ էլ պիտանի են, իրենց «դերը» կատարում են: Հետո արդեն մարդիկ իրենց այս արած գործողությունների համար պիտի պատասխան տան, չէ՞: Եվ պատասխանը չեն կարողանալու տալ»,- շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ գործով առերեսումներ չեն եղել:

«Վստահորդը ոչ մի գործընթացի հետ կապ չունի՝ ոչ գնման, ոչ այլ: Մենք էլ չենք հասկանում, թե ի՞նչ է արել պարոն Գալստյանը: Ինքն ի պաշտոնե Ավիացիայի վարչությանը հարցնում է՝ ձեզ ի՞նչ է պետք, ասենք, օրինակ, ասում են՝ պետք է այսքան հատ այսինչ հրթիռից, դա փոխանցում է վերադասին: Ինքը չի որոշում դրա առնել-չառնելու հարցը: Եթե կան միջոցներ, հնարավորություն՝ առնում են, չկա՝ չեն առնում: Ստեփան Գալստյանը չունի նաև դրանց որակը ստուգելու լիազորություն: Կա հանձնաժողով, որը ստուգում է և ասում՝ պիտանի է կամ պիտանի չէ»,- նշեց Առաքելյանը:

Դիտարկմանը՝ այսինքն, Ստեփան Գալստյանը քավության նոխա՞զ է, փաստաբանն արձագանքեց.

«Այո, իհարկե, սա հերթական քաղաքական բեմականացումն է: Իշխանությունները փորձում են մեղավորներ գտնել պատերազմի պարտության մեջ»:

Նշենք, որ այս գործով են անցնում ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով կալանավորված են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ)։

Տեսանյութեր

Լրահոս