Վիետնամում կորոնավիրուսի դեմ սխալմամբ պատվաստել են 18 փոքրիկ երեխաների
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում երկուսից մինչեւ վեց ամսական 18 մանկիկների պատվաստել են Pfizer եւ BioNTech ընկերությունների արտադրության կորոնավիրուսի դեմ պատրաստանյութով: Այդ մասին հաղորդել է տեղական Vietnam News հրատարակությունը:
Հանոյի առողջապահական մարմինների տվյալներով՝ միջադեպն այս շաբաթ ավելի վաղ տեղի է ունեցել քաղաքի շրջաններից մեկում: Այն բանից հետո, երբ սխալմամբ կատարված պատվաստման մասին իմացել է մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտը, երեխաներին հիվանդանոց են տեղափոխել հետազոտության եւ բուժընթաց անցնելու համար:
Հանոյի Ազգային մանկական հիվանդանոցի մասնագետների խոսքով՝ պատվաստված փոքրիկների վիճակը կայուն է, նրանցից մի քանիսի մոտ ներարկումից հետո բարձրացել է ջերմությունը, իսկ ներարկման տեղում հայտնվել է կարմրություն եւ այտուցվածություն, թեեւ դրանք պատվաստման սովորական հետեւանքներ են, նշում է հրատարակությունը:
Վիետնամի առողջապահության նախարար Նգուեն Տհան Լոնգը նոյեմբերի 4-ի երեկոյան այցելել է հիվանդանոց եւ տեսակցել երեխաներին: Նա հորդորել է՝ ուժեղացնել հսկողությունը ապագայում նմանօրինակ դեպքերը կանխելու համար եւ մեղավորներին խստորեն պատժել սխալ պատվաստում կատարելու համար:
Իր հերթին, Վիետնամի առողջապահության նախարարությունը խնդրել է մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտին՝ ուսումնասիրել պատճառները, որոնք հանգեցրել են սխալի, եւ պարզել այն անձանց, որոնք պատասխանատվություն են կրում տեղի ունեցածի համար:
Գերմանական BioNTech եւ ամերիկյան Pfizer ընկերությունների կողմից մշակված պատվաստանյութը կլինիկական փորձարկումների երրորդ փուլում մոտավորապես 95 տոկոս ակտիվություն է ցուցաբերել կորոնավիրուսռով վարակումը կանխելու գործում: Պատվաստանյութի կիրառմանը հավանություն են տվել տասնյակ երկրներում, առանձին պետություններ թույլատրել են պատվաստուկի օգտագործումը երեխաների ու դեռահասների պատվաստման համար:
Նոյեմբերին ԱՄՆ-ի CDC բժշկական կարգավորիչը պաշտոնապես հավանություն է տվել 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար Pfizer-ի պատվաստանյութի կիրառմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: