«Ասել եմ, որ այս հարցը քննարկումների փուլում է, չեմ ասել, որ պահվելու է՝ «ՀայՓոստի» հետ քննարկումների փուլում ենք». Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցնում է, որ Հայաստանում բնակվող արցախցիների համար կշարունակեն բնակարաններ տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում նրանց բնակարանային ապահովության հարցերը չեն լուծել։
«Մենք ունենք ծրագիր, որ Արցախ վերաբնակեցվածների համար Հայաստանում և Արցախում բնակարան ձեռք բերենք։ Այս պահին Արցախում ապրում է 100 հազար հայրենակից, և նրանք միևնույն անվտանգային միջավայրում են գտնվում»,- խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Նարեկ Մկրտչյանը։
Թեև նախարարը հակված չէր պատասխանելու լրատվամիջոցների հարցերին, այդուհանդերձ լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են թոշակառուների թոշակներից գումար պահելու։
«Ես ասել եմ, որ այս հարցը քննարկումների փուլում է, չեմ ասել, որ պահվելու է։ «ՀայՓոստի» հետ մենք քննարկումների փուլում ենք, դիմել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և փորձելու ենք միասին այդ հարցի լուծումը գտնել, քանի որ պետությունը նախևառաջ ունի թվայնացման քաղաքականություն և անկանխիկի անցնելու միասնական մոտեցում, որն ըստ էության մի շարք մարտահրավերներ լուծել է»,- շեշտեց նախարարը։
Ըստ նրա, եթե նայեն, թե 2018 թվականից որքան բարձրացում է տեղի ունեցել, ապա կտեսնեն, թե ինչ էական փոփոխություն է տեղի ունեցել, հետևաբար՝ նախարարի կարծիքով՝ որևէ խնդիր հնարավոր չէ միանգամից լուծել։
«Մենք մշտապես պետք է մեր աչքի առաջ ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանը ծանրագույն հակաճգնաժամերի միջով է անցել, և չկա ոլորտ, որտեղ նոր ծրագիր չիրականացվի»,- եզրափակեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։