ՌԴ-ն օգտագործում է սողուններին, բայց հարգում է արժանապատիվներին. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «3+3» հայտնի ձևաչափին և այդ ձևաչափի հնարավոր իրականացման պարագայում՝ դրա տարածաշրջանային ազդեցությանը:
ՀՀԿ փոխնախագահն այս համատեքստում նկատեց, որ գործող իշխանությունները խուսափում են կարծիք արտահայտել հիշյալ ձևաչափի մասին, ապա ներկայացրեց իր դիտարկումները.
«Ցանկացած ձևաչափ տեսականորեն լավն է, եթե մեջը ներառվում է քո ազգային շահը: Եթե դու քո ազգային շահն առաջ մղել չես կարող, ցանկացած ձևաչափ, այն էլ՝ նոր, դառնում է պրոբլեմատիկ, առավելևս՝ եթե ձևաչափում կա երկու ախոյան՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի:
Այս ամեն ինչը դառնում է է՛լ ավելի պրոբլեմատիկ, եթե հասկանում ես, որ այդ ձևաչափում ներգրավված քո ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ, գործող իշխանությունները չեն կարողացել ապահովել բովանդակային համագործակցության այնպիսի մակարդակ, որ եթե հայերը չեն կարողանում իրենց շահը բրթել, գոնե ՌԴ-ն բրթի: Այս ամբողջն ի մի բերելով՝ ինձ ասեք՝ այդ ձևաչափը Նիկոլի օրոք, Ադրբեջանի և Թուրքիայի ներառմամբ, ճի՞շտ է, թե՞ չէ: Ես կասեի՝ ճիշտ է, եթե վստահ լինեի՝ մեր ազգային շահը ներառված է, և Հայաստանը ներկայացնում է մեկ այլ առաջնորդ, մեկ այլ ղեկավար, որը, օրինակ, ՌԴ-ի հետ կարողացել է հարաբերություններ կառուցել ոչ թե սողալու, այլ թռչելու տրամաբանությամբ. ՌԴ-ն, ինչպես աշխարհի բոլոր խոշոր գեպոլիտիկ կայսրությունները, օգտագործում է սողուններին, բայց հարգում է արժանապատիվներին»:
Արմեն Աշոտյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող հայկական շահի ներառման պրոցեսն ապահովել՝ ո՛չ անձամբ, ո՛չ մեր ռազմավարական դաշնակցի հետ համագործակցությամբ:
Ի դեպ, քաղաքական գործիչը նկատեց, որ հիշյալ «3+3»-ն իրականում թերի ձևաչափ է, քանի որ տարածաշրջանի բոլոր երկրների ներգրավմամբ չէ. չի արտահայտում աշխարհաքաղաքական իրական դասավորվածությունը ռեգիոնում:
«Նայե՛ք քարտեզին. թերի ֆորմատ է, որովհետև բացի Ռուսաստան, Թուրքիա Իրանից և Ադրբեջան, Հայաստան, Վրաստանից՝ Հարավային Կովկասում կան ևս երեքը՝ Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա: Եվ քանի որ այս երեքը չկան, Վրաստանը վարանում է Աբխազիայի և Հարավային Օսիայի մասով, իսկ Հայաստանը, հայ ժողովուրդն ունի բոլոր հիմքերը՝ վարանելու ԼՂ մասով»,- ասաց նա: