Փաշինյանը ցինիկաբար ստում է. Սյունիքում չէր կարող պատերազմ լինել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է՝ Հայաստանն այսօրվա վիճակում է հայտնվել, քանի որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո հայ ժողովուրդը չկարողացավ հեռացնել այն սրիկայախմբին, որը պատասխանատու էր կործանարար, դավաճանական պատերազմի, հազարավոր զոհերի  և հայրենազրկման համար:

Նա մանրամասնեց, թե ինչով էր կարևոր իշխանություններին այդ ժամանակ հեռացնելը:

«Առաջինը՝ պետք էր աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը ծնկի չի գալու, և հայ ժողովուրդն ունի արժանապատվություն. հետևաբար, մեր ազգային շահերի հաշվին բերել տարածաշրջանային պրոյեկտներ՝ «3+3», կոմունիկացիոն պրոյեկտներ, որտեղ չի ներառվում ՀՀ ազգային շահը, մեզ դիտարկել՝ որպես մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերի մեջ՝ մենք թույլ չէինք տալու:

Եվ երկրորդը՝ այս ոհմակը պատասխանատու է և՛ մինչև նոյեմբերի 9-ը եղած խնդիրների համար, և՛ դրանից հետո,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակային արված մի հայտարարության մասին, -Երբ Նիկոլին ԱԺ-ում ուղիղ հարցրին՝ ինչո՞ւ զորքերը հետ քաշվեցին Կուբաթլու և Զանգելան հատվածից, նա շատ ցինիկաբար ասաց, որ ինքն է տվել այդ հրամանը, և նաև ակնարկեց՝ եթե զորքերը չքաշվեին, կլիներ նոր պատերազմ:

Հիմա եկեք հասկանանք երկու կարևոր բան՝ որտե՞ղ է ինքը մեզ գցում հերթական անգամ:

Եթե Զանգելանից և Կուբաթլուից պետք էր զորքերը հետ քաշել, ապա ինչո՞ւ դրա մասին գրված չէր նոյեմբերի 9-ի փաստաթղթում. չէ՞ որ, երբ Պուտին-Ալիև-Փաշինյան փաստաթուղթը ստորագրվում էր, այդ փաստաթղթում բոլոր շրջաններն ըստ ժամանակացույցի գրված էին: Ինչո՞ւ այդ ժամանակ Զանգելանն ու Կուբաթլուն գրված չէին: Այսինքն՝ ակնհայտ էր, չէ՞, որ այդ պահին պատերազմը դադարեցվել է, և այդ տարածքից հայկական զորքերի դուրսբերման պահանջ չկա, ուրեմն նման պահանջ չկա: Այսինքն՝ այդտեղ պատերազմ չէր կարող լինել:

Երբ դեկտեմբերի 17-ին՝ դավաճանական փաստաթղթի ստորագրումից գրեթե 40 օր անց, Նիկոլն ասում է՝ եթե չքաշվեի զորքերով, կլիներ պատերազմ, ապա, կներես,  ՌԴ-ն երաշխավորն էր այդ հրադադարի, ինչո՞ւ է Նիկոլը մեզ 40 օր անց վախեցնում պատերազմով՝ այն դեպքում, երբ ՌԴ քավորությամբ, երաշխավորությամբ արդեն նոյեմբերի 9-ին եղել է հրադադար: Այսինքն՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ստում է, այլև այդ զորքերի հետ չքաշումը նախ՝ հղի չէր պատերազմական գործողություններով, և երկրորդը՝ նման պահանջ չկար փաստաթղթում:

Հողերը գլո՛ւխդ,  զորքերը հետ քաշեցիր, ինչո՞ւ հետ քաշեցիր՝ մերկացնելով մինչև Գորիս-Կապան ճանապարհը»:

Տեսանյութեր

Լրահոս