Վանո Սիրադեղյանի աճյունի տեղափոխման հարցերով Արդարադատության նախարարությունը հորդորում է դիմել հանձնաժողովին

Քաղաքական, պետական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կառավարական հանձնաժողովը ստեղծվեց նրա մահվանից 18 օր անց միայն:

Ընտանիքի անդամները լրատվամիջոցների հետ զրույցներում նշում են՝ պետական գործչի աճյունը դեռ Հայաստան չի տեղափոխվել. այսօր մամուլում հրապարակում եղավ, որ աճյունը Վրաստանում է:

Քանի որ պարբերաբար նշվում է, որ տեղափոխելու հարցում իրավական խնդիր է առաջացել, որովհետև Վանո Սիրադեղյանն արտերկրում ապրել է այլ անվան տակ, և, որ նույնականացման և իրավական մյուս խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի հնարավոր լինի ՀՀ տեղափոխել, 168.amը նոյեմբերի 2-ին գրավոր հարցմամբ դիմել էր Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե ի՞նչ կարգ է գործում նման դեպքերում, արդյո՞ք պետությունը որևէ ձևաչափով զբաղվում է այդ հարցով, ի՞նչ է անում Արդարադատության նախարարությունն այս ուղղությամբ, արդյո՞ք հայտնի են ժամկետները, թե պետական գործչի աճյունը երբ կբերվի Հայաստան:

Արդարադատության նախարարությունից մեզ մասնավորապես հորդորել էին դիմել «Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման հանձնաժողովին»:

«Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1293-Ա որոշմամբ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը:

Միաժամանակ, նույն որոշմամբ Ֆինանսների նախարարին հանձնարարվել է 20-օրյա ժամկետում վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա: Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք նշված գործընթացի հետ կապված հարցերն ուղղել հանձնաժողովին»,- նշված էր նախարարության պատասխանում:

Նկատենք՝ այս հանձնաժողովը ստեղծվել է միայն նոյեմբերի 2-ին՝ մեր գրավոր հարցումն ուղարկելու օրը: 168.am-ը հարցադրումներ կուղղի նաև հանձնաժողովին:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել էր թաղման հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահն է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը, լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանը, Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, և այլ պաշտոնատար անձինք:

Տեսանյութեր

Լրահոս