Իշխանությունը վախենում է Մասիսի ընտրություններից

Ինչպես հայտնի է՝ առաջիկայում Հայաստանում սպասվում են Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)  ընտրություններ. պետք է ընտրվի  ավագանի, այնուհետև  ընտրված ավագանին պետք է ընտրի համայնքի ղեկավար։ Ակնհայտ է, որ ՏԻՄ-երն այն օղակներն են, որոք անմիջական կապվածություն ունեն հանրության հետ, և հենց սրանով է պայմանավորված իշխանությունների տրամադրվածությունն այդ ընտրություններին։

Որպես կանոն, ՏԻՄ ընտրություններն ավելի սպեցիֆիկ է ու զգայուն, քանի որ տեղական իշխանությունների ընտրությունը հանրության համար միշտ է՛լ ավելի առաջնային նշանակություն է ունեցել, քան ցանկացած համապետական ընտրություն։ Սա պայմանավորվում է նրանով, որ շարքային քաղաքացու համար միշտ էլ իր խնդիրներն ու առաջնային խնդիրներ լուծողը համայնքապետն է, քանի որ հենց նրան է յուրաքանչյուր հարցով անմիջապես դիմում։

Քանիցս խոսվել է այն մասին, որ իշխանությունների և մասնավորապես գործող իշխանությունների վարկանիշը գահավիժում է, մարդիկ հատկապես 44-օրյա պատերազմից մեկ տարի անց համոզվեցին, որ բոլոր ձախողումների, նվաստացումների, զոհերի, տարածքային կորուստների պատճառը գործող իշխանություններն են, Նիկոլ Փաշինյանը: Հասարակությունը սթափվել է և տեսնում է նաև, որ բոլոր տրված խոստումների ճիշտ հակառակ գործողություններն են անում, օգտվում են իշխանական կերակրատաշտակից, բարելավում են միայն իրենց և յուրայինների կյանքը՝ անտեսելով քաղաքացիների օր օրի ավելացող խնդիրները:

Ավելին, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մարզերում բավականին թույլ է, քանի որ չունի համապատասխան կադրային բազա և որոշակի որակավորում ունեցող ներկայացուցիչներ, կուռ համակիրներ և տարածքային կառույցներ, որոնք մշտապես կարող են և պետք է ապահովեն հասարակության և իշխանության հետադարձ կապը։ Հենց սա է գլխավոր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրություններին տրամադրված է մարտական և թիմակիցներին նույնպես հորդորել է լայն կազմով ընդգրկվել գործընթացի մեջ։

Ուսումնասիրելով առաջիկա ընտրությունների քաղաքական պորտֆոլիոն՝ պարզ է դառնում, որ, ի տարբերություն նոյեմբերի 14-ին սպասվող ընտրությունների, դեկտեմբերի 5-ին կուսակցությունների մասնակցության աննախադեպ անշլագ է լինելու: Թերևս, ոգևորված նախորդ ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, երբ անհայտ կամ որևէ բանով աչքի չընկնող կուսակցությունները հաղթեցին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությանը, թեկնածուներ են առաջադրել թվով 45 հին ու նոր կուսակցություններ և դաշինքներ:

Իշխանության համար կան մի քանի համայնքներ, որոնք ունեն առանցքային ու քաղաքական գերկարևոր նշանակություն, և հենց այդ համայնքներում նրանք փորձելու են հնարավոր բոլոր մեթոդներով իրենց համար ցանկալի արդյունք գրանցել։ Այդպիսի համայնքներից է Մասիսը, որտեղ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը վարչական և այլ լծակներ գործադրելով՝ անելու է հնարավոր ամեն ինչ՝ գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի համար խնդիրներ ստեղծելու համար։

Նշենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Դավիթ Համբարձումյանը համայնքապետի ընտրություններին մասնակցելու է «Դավիթ Համբարձումյան» դաշինքով։ Համբարձումյանը համայնքի բնակիչներին հաղորդել էր, որ «Դավիթ Համբարձումյան» դաշինքում ընդգրկված են մեծամասամբ երիտասարդ, իրենց գործում հաջողություններ գրանցած, բանիմաց անհատներ, ովքեր պատրաստակամ են իրենց ամբողջ կարողությունները ներդնել Մասիսում։

Ի դեպ, հավելենք, որ Մասիսում ՔՊ-ն թեկնածուի փնտրտուքների մեջ է, չունի կոնսենսուային տարբերակ։ Նախնական ընտրությունը կանգ է առել Մասիսում հայտնի Սայադի՝ Սայեն Հայրապետյանի վրա, ով ԵԿՄ տարածքայինի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիր է եղել, իսկ 2012 և 2017 թվականներին աշխատել է «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) համար, ավելին, 2017-ին եղել է ԲՀԿ ռեյտինգային ցուցակում: Հավելենք, որ տեղեկություններ կան, որ վերջինիս թեկնածությունն առաջ է քաշել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, սակայն կուսակցությունում դեմ են եղել։

Օրվա իշխանությունները Գորիսում կրած խայտառակ պարտությունից հետո հասկացել են, որ ՏԻՄ ընտրություններին պետք չէ նայել մատների արանքով, և միայն մեծամիտ դատարկաբանություններով ցանկալի արդյունքի չեն կարող հասնել։ Մասիսում, ի դեպ, չեն բացառում, որ իմքայլականները, հասկանալով, որ պարտվում են, պրովոկացիաների կդիմեն:

Հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքները փաստեցին այն, որ իշխանության կողմից 3-4 ամիս արհեստական շրջանառած թեզերը՝ «պողպատյա մանդատ», «լեգիտիմ իշխանություն», «մեծամասնության քվե» և այլն, ընդամենը հերթական փուչիկն է և չունի ոչ մի բովանդակություն։ Ըստ ամենայնի, հենց Մասիսն է լինելու այն հաջորդ հանգրվաններից մեկը, որտեղ իշխանությունը ստանալու է հաջորդ քաղաքական ապտակը։

Արթուր Գալստյան

Տեսանյութեր

Լրահոս