Մովսես Հակոբյանի՝ մեկ տարի առաջ հնչեցված սկանդալային հայտարարությունները հաստատվել են, բայց մեղավորներին ՀՔԾ-ն ու դատախազությունը կոծկում են․ pastinfo.am

Արցախյան երրորդ պատերազմում ՀՀ իշխանությունների կողմից դավաճանական գործողությունների մասին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարություններից անցել է շուրջ մեկ տարի, սակայն երկրի բարձրագույն իշխանություններից գեթ մեկը դեռևս պատասխանատվություն չի կրել։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել են, որ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, թեեւ Մովսես Հակոբյանի հայտարարությունները չեն հերքվել։

Հիշեցնենք՝ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ի ասուլիսում խոսել էր 44 օրյա պատերազմի մասին։

Հակոբյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը` կամավորականներին ուղակելով առաջնագիծ, նշել, որ պատերազմում պարտության ամենամեծ պատճառը ղեկավարումն է, անգրագիտությունը, պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետելը, եւ որ գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը։

Նա նաեւ հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրամանատարական կետում է գտնվել նաեւ Նիկոլ Փաշինյանի կինը, մինչդեռ նման իրավունք նա չունի եւ հաստատել այն տեղեկությունները, որ հրամանատարական կետից հեռանալու՝ Ա.Հակոբյանին ուղղված խնդրանքից հետո, իրեն կանչել են Երեւան։

Մ.Հակոբյանի սկանդալային հայտարարությունների առնչությամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ եւ շուրջ մեկ տարի տեւած նախաքննության արդյունքում նրա հայտարարությունները չեն հերքվել, այսինքն՝ նախաքննական մարմինը ձեռք չի բերել գեթ մեկ ապացույց առ այն, որ Մ.Հակոբյանը սուտ մատնություն է արել, ինչը նշանակում է, որ դրանք հաստատվել են։ Այդուհանդերձ, ՀՔԾ-ն՝ ՀՀ դատախազության հետ միասին, հովանավորչության տակ են վերցրել պետության անվտանգության դեմ հանցագործություն կատարած անձանց։

Ավելին՝ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից առերևույթ պետական դավաճանության, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործությունների և ՀՀ ռազմավարական նշանակության տարածքները, դիրքերն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ ներկայացված հանցագործության հաղորդումները ևս կցվել և քննության առարկա են դարձել նշված վարույթի շրջանակներում, որի շրջանակներում հարցաքննվել են ՀՀ ԶՈՒ ներկայիս ԳՇ պետ Արտակ Դավթյանը, նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ այլ զինվորականներ։

Պարզվում է Նշված վարույթի շրջանակներում է քննության առարկա դարձվել նաև Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական հայտարարությունը, համաձայն որի՝ Սյունիքում ռազմավարական դիրքերից զորքերը ետ քաշելու հրահանգը տվել է ինքը՝ միանձնյա։
Մասնավորապես, հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում ադրբեջանցիների կողմից դիրքեր վերցնելու վերաբերյալ հարցին, հայտարարել էր.

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հետ՝ պարզելու, թե արդյո՞ք համապատասխան ընթացք տրվել է այս հայտարարությանը, թե ոչ, որտեղից մեզ հայտնեցին, որ այդ հանգամանքները քննության առարկա են ՀՔԾ֊ում ՀՀ քրեական օրենսգրքի 308֊րդ հոդվածի հատկանիշներով՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված և քննվող քրեական գործի շրջանակներում։ Հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, նրա տեղակալները, ՊՆ նախկին նախարարը, ԱԽ քարտուղարը հրավիրվել են հարցաքննության՝ դատախազությունից հայտնել են, որ քրեական գործի քննության, քննչական ու դատավարական գործողությունների մասին այժմ տեղեկատվություն չեն կարող հայտնել։

Տեսանյութեր

Լրահոս