Բաժիններ՝

Այնպես է ստացվել, որ 20 ու ավելի տարվա սպան ոչ միայն չունի սեփական բնակարան և բնակվում է վարձակալությամբ, այլև ստիպված է լինում վճարել իր գրպանից. ՄԻՊ

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց՝ ՄԻՊ գրասենյակը բողոքների առումով շեշտակի աճ ունի:

«Եթե, օրինակ, 2015թ. եղել է 5200 բողոք, ապա 2020-ին՝ 14․780, բայց, եթե, օրինակ, վերցնենք 2020 թ․ այս նույն ժամանակահատվածը, մենք ունեցել ենք 11․598 անձից բողոք, իսկ 2021 թ․ այս նույն ժամանակահատվածում 16 հազար է կազմում»,- ասաց Թաթոյանը:

Նա նշեց, որ գրավոր-բողոքների թիվն այս տարի 6 հազար 450 է, ինչը երկու անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ, ավելացել են արագ արձագանքման զանգերի, այցերի թիվը:

«Կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պետք է զարգանա դինամիկ ու ուժեղացնի ազդեցությունը, ինչ մենք անում ենք հետևողական Զինված ուժերում ՄԻՊ հարցերում,- ասաց ՄԻՊ-ը՝ նկատելով, որ այս առումով բազմաթիվ առաջարկներով են հանդես եկել, որոնք հատկապես ուղղված են զինծառայողների կարգավիճակի փոփոխությանը,- Գլխավոր ոլորտներից է անվճար բժշկական օգնության հետ կապված հարցերը: Ես խնդրում եմ Մարդու իրավունքների հանձնաժողովին, Պաշտպանության հանձնաժողովի մեր գործընկերներին ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը կամ այս ոլորտում հետևողականությունը՝ անվճար բուժօգնության հետ կապված այն զինծառայողների նկատմամբ, որոնք զորակոչից ազատվել կամ զորացրվել են, բայց, քանի որ ունեցել են հիվանդություն, առողջական խնդիր, չեն վիրահատվել Զինծառայության ընթացքում»:

Ըստ պաշտպանի՝ ԱԺ-ն պետք է նպաստի, որ նաև ներդրվի այն մեխանիզմը, որ զորակոչիկները նախապես հետազոտվեն:

Արման Թաթոյանի կարծիքով՝ առաջնային խնդիրներից է մնում նաև զինծառայողների բնակարանային հարցը:

«Խոսքը չի վերաբերում միայն ՀՀ ԶՈՒ` այսինքն՝ բանակի սպաներին, այլ նաև՝ նրանց հավասարեցված բոլոր ծառայողներին՝ ԱԱԾ սպաներին, ծառայողներին, ՀՀՈ, ՔԿ ծառայողներին նաև, և սրա վերաբերյալ պաշտոնական առաջարկները վերջերս եմ ուղարկել երկու հանձնաժողովներին նաև:

Օրինակ, ստացվել է այնպես, որ 20 ու ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան ոչ միայն չունի սեփական բնակարան և բնակվում է վարձակալությամբ, այլև բնակվարձի անհամաչափ փոխհատուցման արդյունքում նույնիսկ ստիպված է լինում վճարել իր գրպանից՝ աշխատավարձի հաշվին»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս