Ամուլսարի վերաբերյալ քրեական գործն արդեն վերջնական փուլում է. ՔԿ նախագահի տեղակալ
Այսօր խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի նախագծով Քննչական կոմիտեի վերաբերյալ նախատեսված ծրագրերը ներկայացրեց ոչ թե կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, այլ նրա տեղակալ Արսեն Այվազյանը։
Լրագրողներն Ա. Այվազյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Արգիշտի Քյարամյանը չի եկել խորհրդարան։
«Պարոն Քյարամյանի մոտ այսօր առավոտյան հանկարծակի, անսպասելի աշխատանքային օրակարգը փոխվեց, անհետաձգելի խնդիր առաջացավ, որով պայմանավորված՝ օրակարգի փոփոխություն է տեղի ունեցել։ Մենք ունենք քրեական գործեր, և ամեն մի քրեական գործը պահանջում է կոնկրետ հետևողականություն։ Մենք ունենք գործեր, որոնք անմիջական վերհսկողության և այլնի խնդիր ունեն»,- շեշտեց նա։
ՔԿ նախագահի տեղակալը նաև վստահեցրեց, որ Քյարամյանը հարցերից խուսափելու պատճառ չունի։
«Կա ծանրաբեռնվածություն, աշխատանք, հրատապություն, որը մարդուն ստիպում է փոխել աշխատանքային գրաֆիկը։ Մեր աշխատանքը չնորմավորված է, հատկապես մի քանի հարյուր քննիչ ունեցող մարմնի և բազմահազար քրեական գործերի պարագայում՝ մի զարմացեք, որ մարդու աշխատանքային գրաֆիկը կարող է փոխվել»,- շեշտեց Արսեն Այվազյանը։
Անդրադառնալով Ամուլսարի վերաբերյալ քրեական գործին, ՔԿ նախագահի տեղակալն ասաց, որ բավականին երկար ժամանակ քննություն են կատարել և արդեն մոտեցել են ավարտական փուլին։
«Կարծում եմ՝ առաջիկայում մենք որոշակի հագուցալուծում կունենանք տվյալ քրեական գործով, քրեական գործով մեղադրյալներ չկան»,- հավելեց Արսեն Այվազյանը։