«Հարձակում չկա՝ սա քաղաքական իրազեկում է պլանների մասին». Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Կարեն Անդրեասյանը լրագրողներին հորդորեց՝ իրեն հարցեր ուղղեն՝ ոչ որպես ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի, այլ՝ որպես Արդարադատության նախարարի։
Այդուհանդերձ լրագրողներն իրենց հարցն ուղղեցին նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ ինչպե՞ս է վերաբերվում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում, և դրա վերաբերյալ Արման Թաթոյանի պատասխանին, որ ԱԽ քարտուղարը գերազանցել է իր լիազորությունները։
«Որպես նախարար՝ կարող եմ ձեզ ասել՝ Գործադիրն իրավունք ունի կոռեկտ, հարգալից քննարկումների մեջ լինել ցանկացած թեմայով, ցանկացած ինստիտուտի հետ և ինստիտուտի մասին։ Ինչ վերաբերում է ՄԻՊ իրենց թեկնածուն առաջադրելու վերաբերյալ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ապա ինքս էլ գիտեմ, որ փետրվարի 22-ին կամ 23-ին լրանում է Արման Թաթոյանի ժամկետը, և որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը կարող է ակնկալել, որ լինելու է այլ թեկնածու։ Հատկապես, երբ ՔՊ-ն մեծամասնություն է և կարող է կանխատեսել՝ ինքն ուզում է ա՞յս թեկնածուին, թե՞ այլ թեկնածուի։ Հետևաբար, այստեղ որևէ հարձակում՝ պնդման մեջ, որ փոխվելու է, ես չեմ տեսնում։ Կարելի է ասել, որ սա նույնիսկ քաղաքական իրազեկում է քաղաքական պլանների մասին»,- շեշտեց նա։
Հարցին՝ Պաշտպանության նախարարությունը ևս հակադարձել էր ՄԻՊ-ին, արդյո՞ք սա ճնշում չէ նրա նկատմամբ, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ գայթակղիչ է հարցին պատասխանելը, սակայն չի կարող պատասխանել։
«Ես գնահատական չեմ տալիս իմ գործընկերներին, կուսակիցներին, թիմակիցներին, դա չեմ անում ոչ թե նրա համար, որ համաձայն չեմ նրանց հետ։ Եթե իմ կուսակիցները կամ թիմակիցները գնահատական են տալիս, կոռեկտ չէ, որպեսզի իրենց գնահատականին ես գնահատական տամ։ Դրա համար կան չեզոք մարդիկ, և ազնիվ էլ չի լինի, եթե ես փորձեմ գնահատական տալ չեզոք դեմքով իմ թիմակցի կամ կուսակցի արածին։ Եթե սխալ էլ լինեին, ես դրանց մասին ձեզ չէի ասի, այլ կխոսեի իմ թիմակիցների հետ, և եթե այնքան սխալ լինեն, որ ես չկարողանամ խոսել իրենց հետ, ապա ես կհեռանամ թիմից։ Իմ կուսակիցներն ու թիմակիցներն այնպիսի սխալ հայտարարություն չեն արել, որից ես ամաչեմ կամ համարեմ դատապարտելի»,- հավելեց Արդարադատության նախարարը։