Ո՞ր արժանիքի համար է բարձրացվում Գլխավոր դատախազի աշխատավարձը․ Կարեն Անդրեասյանը մանրամասնում է
Այսօր խորհրդարանում լրագրողներն Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցին՝ ո՞ր արժանիքի համար է Գլխավոր դատախազի աշխատավարձը բարձրացնում։
Ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանն ասաց. «Նախ, ես արժանիքները չէ, որ գնահատում եմ որևէ պաշտոնյայի։ Մենք Գլխավոր դատախազի և նրա երկու տեղակալների աշխատավարձի բարձրացման նախագիծը, որը դեռ քննարկման փուլում է, արվել է՝ որպես հակակոռուպցիոն փաթեթի մաս։ Մենք ստեղծել ենք հակակոռուպցիոն կոմիտե և հակակոռուպցիոն դատարաններ, որտեղ աշխատավարձերն ավելի բարձր են, քան մնացած քննչական մարմիններինն ու դատարաններինը։ Այնտեղ մեջտեղում օղակ կա՝ դատախազությունն է, որտեղ աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի, քան մնացած օղակներինը։ Երբ մենք բարձրացնում ենք դատախազության վարչության պետի աշխատավարձը, ցավոք, չենք կարող Գլխավոր դատախազին ու նրա երկու տեղակալներին, որոնք վերադասն են այդ վարչության պետի, ավելի ցածր աշխատավարձ տալ։ Այս նախագիծն առաջարկվել է, ոչ թե որպեսզի հրատապ կերպով աշխատավարձ բարձրացվի, այլ որ հասկանանք՝ ինչ անենք այս տեխնիկական խնդիրը»։
Ըստ նրա, այդ տեխնիկական հարցադրման պատճառով իրենք հայտնվել են Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանում վեճ է եղել, հարցը քննարկվել է, և ՍԴ-ն համարել է, որ այն սահմանադրական է և կարող է այդպես լինել։
«Մենք պաշտոնի, ինստիտուտի մասին ենք մտածում։ Եթե ուզում եք, մենք կարող ենք չորս տարի կանգնեցնել հակակոռուպցիոն այս համակարգը, ձեզ համար անընդունելի մարդիկ թող ավարտեն իրենց պաշտոնավարումը, նոր քննարկենք։ Այսինքն՝ դուք տեսնում եք մարդ, մենք՝ ինստիտուտ։ Ես ձեզ չեմ մեղադրում, դուք էլ ինձ մի մեղադրեք։ Եթե ուզում եք քննադատել որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ ինձ, համեցեք, եկեք քննադատեք։ Բայց այդ ամենը կապել հակակոռուպցիոն համակարգի ներմուծման հետ անթույլատրելի է»,- դիմելով լրագրողներին՝ հավելեց նա։
Հարցին՝ հիմա լավ կլինի՞, եթե Գլխավոր դատախազի աշխատավարձը հավասարվի բուժաշխատողի աշխատավարձին, Կարեն Անդրեասյանը պատասխանեց՝ այո, լավ կլինի. «Ես շատ ուրախ կլինեմ։ Ես աշխատավարձի ֆոնդի ո՛չ կառավարիչն եմ, ո՛չ էլ իմ լիազորությունների մեջ է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում