Հինգից մինչև 11 տարեկան երեխաների պատվաստումը վերջնականապես հավանության է արժանացել ԱՄՆ-ում
Կորոնավիրուսի դեմ Pfizer-ի արտադրության պատվաստանյութի կիրառումը 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար պաշտոնապես հավանություն է ստացել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) կողմից: Այդ մասին հաղորդում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:
CDC-ի տնօրեն Ռոշել Վալենսկին նոյեմբերի 2-ի ուշ երեկոյան պաշտոնապես ստորագրել է 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար COVID-19-ի դեմ պատվաստման հարցերով զբաղվող գործակալության խորհրդատուների հանձնարարականը: Ավելի վաղ CDC-ի փորձագիտական խմբի բոլոր 14 անդամները քվեարկել են երեխաների պատվաստման հանձնարարականի օգտին:
Ենթադրվում է, որ 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների պատվաստումն ԱՄՆ-ում 8 տոկոսով կնվազեցնի COVID-19-ի տարածումը նոյեմբերից մինչեւ 2022 թվականի մարտ ընկած ժամանակաշրջանում: Պատվաստանյութը կներարկվի երկու չափաբաժնով՝ 10-ական միկրոգրամ, ինչը կազմում է այն քանակության մեկ երրորդ մասը, որն ստանում են 12-ից բարձր տարիքի անձինք: Չափաբաժինները կբաշխվեն երեք շաբաթ ընդմիջումով:
Պատվաստանյութի չափաբաժինները երեխաների համար կմատակարարվեն տարբեր փաթեթներում եւ կներարկվեն հատուկ մանկական ասեղների օգնությամբ: Դրա հետ մեկտեղ հետազոտողները պատվաստման հետեւանքով սրտամկանի բորբոքման մեծ ռիսկ չեն հայտնաբերել: Փորձագետների խոսքով՝ նրանք, ովքեր չեն պատվաստվել, ենթակա են COVID-19-ով վարակման ավելի մեծ ռիսկի:
«Իսկ COVID-ով վարակումը շատ անգամ ավելի վտանգավոր է սրտի համար»,-ասել է նաեւ առաջատար մանկական սրտաբան Մեթյու Օսթերը: Ավելի վաղ հինգից մինչեւ 11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործմանը հավանություն էր տվել Սննդամթերքի եւ դեղորայքային պատրաստուկների որակի վերահսկողության վարչությունը (FDA):
Գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, որոշումը հիմնավորված է նրանով, որ պատվաստանյութը տարիքային այդ խմբի երեխաների մոտ հիվանդության կանխարգելման 90,7 տոկոս արդյունավետություն է ցուցաբերել 4,7 հազար երեխաների տեւական հետազոտության արդյունքում, որն անցկացվել է Միացյալ Նահանգներում, Ֆինլանդիայում, Լեհաստանում եւ Իսպանիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: