Շատ վատ է, որ պատրաստված չեք եկել. Աննա Մկրտչյանը՝ Արայիկ Հարությունյանին
«Իհարկե, խիստ զավեշտալի է՝ այն մարդկանցից լսել օլիգարխների մասին հիշատակումներ, որոնց պատգամավորական ֆրակցիայում առնվազն մի քանի քրեաօլիգարխի ներկայությունն արդեն իսկ հաստատված փաստ է»,- վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մեկնաբանություններին ահա այսպես արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ այսօր արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի դիտարկումներին՝ Արայիկ Հարությունյանը նշել էր. «Ինչ վերաբերում է Քաղաքացու տոնին՝ մենք ամեն տարի պետք է նշենք: Ասեմ ավելին՝ հնարավորության դեպքում այդ բյուջեները պետք է ավելացնենք, որովհետև, ի տարբերություն ձեր իշխանության տարիների՝ քաղաքացին մեր գերագույն արժեքն է: Քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրիս տեղը մեր քաղաքական կյանքում: Այո, մենք չենք կարող նշել օլիգարխի տոն ու չենք նշելու, մենք չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն, սա այլ արժեհամակարգ կրող քաղաքական ուժերինն է. մենք նշելու ենք քաղաքացու տոնն ու ավելի մեծ շուքով»:
Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից բյուջետային հայտի ներկայացմանը՝ Աննա Մկրտչյանը նշեց. «Ձեր ներկայացման տոնայնությունից զգացվում է, որ մոտավորապես ասում եք հետևյալը՝ ինչ ուզել ենք՝ այն էլ գրել ենք, ոնց ուզելու ենք՝ այդպես էլ ծախսելու ենք, մի հոգուց ենք ուզենալու այդ գնումը կատարել՝ մի հոգուց ենք անելու, կուզենանք՝ իրավական ակտերի շրջանցմամբ անենք՝ էդպես էլ անելու ենք. եթե այդ նույն տրամաբանությունն է այդ տոնայնության մեջ զգացվում՝ հիմա իմա՞ստը այդ ձեր քննարկման»:
«Տիկի՛ն Մկրտչյան, ի տարբերություն Ձեզ, ես պատրաստի տեքստերով չեմ եկել. մեր տեքստերը տարեցտարի փոխվում են»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը ՝ նկատելով, որ բյուջեի տեքստերը թվեր են, որոնք ցույց են տալիս աճ և զարգացում: Նա նաև նշեց, որ պատրաստի տեքստերով և ոչ մի բան չփոխելու մտադրությունների մասին տեղյակ է եղել, երբ դեռ Աննա Մկրտչյանը Երևանի ավագանու անդամ էր այն հանձնաժողովում, որը ինքն էր գլխավորում:
Սակայն պարզվեց՝ Արայիկ Հարությունյանը շփոթմունքի մեջ է. Աննա Մկրտչյանը տեղից ճշտեց՝ այդ հանձնաժողովում չի եղել, իսկ Արայիկ Հարությունյանն էլ ընդունեց սխալը:
«Շատ վատ է, իհարկե, որ պատրաստված չեք եկել, որովհետև նվազագույնը պետական բյուջեի քննարկումներին պե՛տք է պատրաստված գալ: Երկրորդը՝ փառք Աստծո, ես երբևէ Ձեր ղեկավարած հանձնաժողովում չեմ գտնվել, եղել եմ Երևանի ավագանու անդամ՝ էլի իրավական հարցերով հանձնաժողովում, որի քննարկումների մասին գուցե ձեր կոլեգաները ձեզ պատմեն. իրենք ԱԺ-ում էլի պատգամավոր են փորձում աշխատել»,- արձագանքեց պատգամավորը։
Անդրադառնալով բյուջեի քննարկումներին՝ նա Ա. Հարությունյանին խորհուրդ տվեց գոնե այնպիսի մթնոլորտ ստեղծել, որը ենթադրում է, թե իբր պատրաստ են քննարկումների և փոփոխությունների:
Նիստը վարող ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը, «փրկելով» Արայիկ Հարությունյանին՝ հեգնանքով հետաքրքրվեց՝ արդյոք բյուջեի վերաբերյալ այդ բովանդակային հարցին արձագանք ունի՞:
«Ի վիճակի չեմ»,- պատասխանեց նա: