Երեք երկրի զորք կա մի հատվածում, որտեղ ամեն օր երեխաներ են խաղում. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար երաշխիք» թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում քարտեզի վրա մանրամասն ներկայացրեց ադրբեջանական անօրինական տեղակայումները:

Անդրադառնալով Սյունիքի մարզի համայնքներում առկա տեղակայումներին՝ Թաթոյանը ցուցադրեց ադրբեջանական մի քանի դիրքերի լուսանկարներ, ներկայացրեց նաև վերջերս ադրբեջանցիների տեղակայած մի ցուցանակ, որի վրա գրված է՝ «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»:

«Սա անօրինական տեղակայում է, բացարձակ անօրինական: Այն, որ նրանք նման ցուցանակ են դրել, դա չի նշանակում, որ այդտեղ տարածքային իրավազորությունն իրենցն է, մի հատ էլ թույլ տալ՝ ինչ անել: ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող մարդկանց՝ Իրանի քաղաքացիներին, անօրինական կանգնեցնում են, մի հատ էլ գանձումներ են անում, մեր երեխաներով երթևեկող ավտոբուսը կանգնեցնում են, երեխաներին ահաբեկում են: Բա սա մարդու իրավունքների հարց չի՞: Ուղիղ մարդու իրավունքների հարց է: Իրավական հիմք չկա, զրոյի է հավասար»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ն անդրադարձավ նաև Շուռնուխի ճանապարհին, որտեղ, անմիջապես զինվորականների հարևանությամբ, տեսել են խաղացող երեխաների:

«Հայաստանի սահմանապահ զորքերը, զինված ուժերը տանում են հերոսական ծառայություն, պաշտպանում են բնակչությանը, մենք կարևորել ենք նաև ռուսական սահմանապահ ուժերի դերը և առհասարակ քաղաքական հարցեր չենք դիտարկել, բայց այդ հատվածում երեք երկրի զորք կա: Երեք երկրի զորք կա մի հատվածում, որտեղ ամեն օր երեխաներ են խաղում… Դատապարտելի պահվածք է, որ այս ամենի վրա աչք են փակում: Երեք երկրի զորքի ներկայության պայմաններում երեխան կարո՞ղ է նորմալ միջավայրում մեծանալ»,- նկատեց Թաթոյանը՝ հավելելով, որ այս ամենը միջազգային կառույցներին ներկայացնելու անհրաժեշտություն կա, որպեսզի նրանք ևս աջակցեն սահմանային հատվածներում մեր քաղաքացիների պաշտպանությանը:

Խոսելով իշխանության ներկայացուցիչների՝ այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին հայտարարություններից, Ա․ Թաթոյանն ասաց․

«Շատ լավ, կառուցում ենք: Բայց մենք ինչո՞ւ ենք միանգամից հրաժարվել մեր այդ ճանապարհից ու մի հատ էլ ասում ենք՝ «դե լավ, եթե Ադրբեջանն ասում է՝ դա մերն է, բերեք այլընտրանքային ճանապարհ կառուցենք»: Է, բերեք այլընտրանքային գյուղեր կառուցենք, բերեք այլընտրանքային քաղաքներ կառուցենք, է՜, կարող է Ադրբեջանը վաղը կանգնում է, մի հատ էլ քարտեզ է բերում, ասում է՝ «գիտե՞ս ինչ կա, էս գյուղն էլ է իմը»: Ես՝ որպես Հայաստանի ՄԻՊ, որպես անկախ պաշտոնատար անձ, անընդունելի եմ համարում այդ մոտեցումը: Այո, ճանապարհ կառուցենք անվտանգության համար, բայց ոչ նրա համար, որ Ադրբեջանը պահանջ է ներկայացրել»,- ասաց Թաթոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս