Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմներինը կմնա նույնը
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց պետական կառավարման մարմինների 2022 թ. բյուջեով նախատեսված ծախսերը:
«2022-ի պետբյուջեի մասին օրենքի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի մասով նախատեսված է 1 ծրագրի իրականացում, որում ներառված են երկու միջոցառումներ: Առաջարկված ֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 602.5 մլն դրամ, 2021թ. հաստատված բյուջեով նախատեսված է եղել 1 մլրդ 601.2 մլն դրամ: Ֆինանսավորումը գրեթե նույն ծավալով է, որքան նախատեսված է եղել 2021թ. համար»,- ասաց նախարարը:
Տիգրան Խաչատրյանը նշեց նաև, որ բյուջեն գրեթե անփոփոխ է մնացել նաև ԱԺ դեպքում: ԱԺ-ի 2022 թվականի պետբյուջեով նախատեսված ծախսերի գումարը պետք է ֆինանսավորի մեկ ծրագիր, որում ընդգրկված են 5 միջոցառումներ. ֆինանսավորման գումարը նախագծով կազմում է 5 մլրդ 992 մլն դրամ՝ 2021թ. հաստատված բյուջեով 6 մլրդ 90 մլն դրամի դիմաց:
Վարչապետի աշխատակազմը 2022-ի ընթացքում կիրականացնի թվով 11 ծրագիր, որից 2-ը՝ սփյուռքի գծով. 11 ծրագրերում ներառված են 45 միջոցառումներ. «Այստեղ մենք ունենք 11 ծրագրեր, որոնք 2022թ. պետբյուջեի նախագծում ֆինանսավորելու են 19 մլրդ 675 մլն դրամ ծախսեր՝ 2021թ. համար հաստատված բյուջեով 30 մլրդ 24 մլն դրամի դիմաց: Նվազեցում կա 34.5 տոկոսով. մասամբ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բազմաթիվ ծրագրեր և դրանց կազմում ներառված միջոցառումներ, որոնք նախորդ տարվա ընթացքում իրականացվում էին վարչապետի աշխատակազմի կողմից, 2022թ. ընթացքում պետք է իրականացվեն այլ գերատեսչությունների կողմից՝ մասնավորապես ԲՏԱ նախարարության կողմից»:
Մանրամասները՝ տեսանյութում