Բաժիններ՝

Հայաստանը հանձնառու է դառնալ իսկապես խելացի պետություն՝ նվիրված մեր բնությանը, մոլորակին ու մարդկությանը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին.

«Ձե՛րդ Գերազանցություններ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Նորին Մեծություն Թագուհուն ու նրա կառավարությանը՝ նման կարևոր և ճիշտ ժամանակին կազմակերպված միջոցառման համար:

Հատուկ շնորհակալություն վարչապետ Բորիս Ջոնսոնին, նրա գործընկերներին և Գլազգո քաղաքին՝ հիանալի համաժողովի և ջերմ հյուրընկալության համար:

Նախ՝ Հայաստանի մասին, որը փոքր երկիր է, բայց՝ համաշխարհային ազգ:

Համաձայն Համաշխարհային բանկի վերլուծության՝ Հայաստանն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում 4-րդ ամենախոցելի երկիրն է կլիմայական փոփոխությունների առումով: Հայաստանն արձանագրել է ջերմաստիճանի 1,3 աստիճանի աճ՝ ըստ Ցելսիուսի, իսկ տեղումների քանակը նվազել է 9 տոկոսով:

Չնայած կորոնավիրուսի համավարակի և Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտության մարտահրավերներին՝ մենք հանձնառու ենք ավելի մեծ ներգրավվածություն ունենալ կլիմայի փոփոխության հարցերով համաշխարհային օրակարգում և ի ցույց դնել կլիմայական հարցերում մեր հավակնությունների աճը:

Հայաստանը մշտապես արտահայտել է իր հանձնառությունը՝ միանալու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համաշխարհային ջանքերին: 2021 թվականին Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունն Ազգային մակարդակով սահմանված ներդրումների միջոցով և հայտարարեց մինչև 2030 թվականը, 1990-ի մակարդակների համեմատ, ջերմոցային գազերի արտանետումները 40 տոկոսով կրճատելու նպատակի մասին:

Հայաստանի երկարաժամկետ նպատակն այս դարի երկրորդ կեսին կլիմայական չեզոքության հասնելն է:

Անցումը կլիմայական չեզոքության երկրի էներգետիկ անկախության, էներգետիկ անվտանգության և կանաչ աճի քաղաքականության հիմքում է:

Դիմակայուն և ցածր ածխածնային աճի մեր տեսլականն ուղղակիորեն կապված է հուսալի և արդյունավետ ադապտացիայի ռազմավարության հետ՝ հիմնված էկոհամակարգային մոտեցման, անտառավերականգնման, վերականգնվող էներգիայի ու էներգաարդյունավետության մեջ ներդրումների, նոր բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ էլեկտրական շարժունակության խրախուսման և միջուկային էներգիայի հետագա զարգացման վրա:

Հարգելի՛ գործընկերներ,

Պետական զգալի պարտքի բեռը զարգացող շատ տնտեսությունների համար խոչընդոտ է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար արտոնյալ և ոչ արտոնյալ ֆինանսավորում ստանալու հնարավորության առումով:

Այս համատեքստում խիստ կարևոր է որդեգրել ստեղծագործական մոտեցում:

Ուրախ եմ ձեզ ներկայացնել մեր նոր՝ «Պարտք՝ կլիմայի դիմաց» նախաձեռնությունը: Այն կլիմայական ֆինանսավորման նոր գործիք է, որը զարգացող երկրներին կօգնի ավելի արդյունավետ հարմարվել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ֆինանսավորման առանձնահատկություններին, ինչպես նաև կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ:

Պարո՛ն նախագահ,

Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ իր հրահրած պատերազմի ժամանակ կիրառեց միջազգայնորեն արգելված զինամթերք՝ թիրախավորելով ոչ միայն քաղաքացիական անձանց, այլև՝ հսկայական տարածքներով գեղեցիկ անտառներ՝ պատճառ դառնալով զանգվածային անտառային հրդեհների և այդ տարածքում ստեղծելով բնապահպանական աղետ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ջանքեր գործադրել կանխելու նմանօրինակ անպատասխանատու և անմարդկային վարքագիծը:

Բնապահպանական մարտահրավերները չեն ճանաչում սահմաններ ու հակամարտության գծեր, և մենք պետք է աշխարհի բոլոր երկրներին բերենք համապարփակ համագործակցության:

Այժմ մի քանի խոսք այս համաժողովի մասին:

Ես իսկապես մեծ բավականություն ստացա այս համաժողովի բացման արարողությունից և ողջ աշխարհի իմ գործընկերների ելույթներից: Այստեղ բոլորը հաստատեցին մի մեծ խնդրի՝ կլիմայական փոփոխությունների առկայությունը, որը սակայն միակ խնդիրը չէ, որ այս օրերին ունենք, քանի որ մենք առերեսվում ենք նաև համավարակին, ողջ աշխարհում տնտեսական դժվարություններին, առերեսվում ենք պոպուլիզմի աճին, անորոշությանն ու անկանխատեսելիությանը:

Մյուս կողմից, ունենալով բոլոր այս խնդիրները՝ մենք նաև ընդունում ենք, որ կա տրիլիոնավոր դոլարների մեծ կարողություն, որը կարող է լուծել խնդիրները: Միևնույն ժամանակ, քվանտային տեխնոլոգիաների և ֆիզիկայի վրա հիմնված հարյուրավոր տարիների զարգացումների շնորհիվ՝ մենք մեծ նվաճումների ենք հասել գիտության ու տեխնոլոգիաների ասպարեզում: Այդ տեխնոլոգիաներն են, որ այսօր կարող են լուծել մեր խնդիրները՝ լինեն դրանք կլիմայական փոփոխությունները, կորոնավիրուսի համավարակը, թե այլ խնդիրներ, որոնց մենք առերեսվում ենք:

Հետևաբար, ո՞րն է խնդիրը: Ինչո՞ւ մենք անհրաժեշտ չափի արդյունավետ չենք: Կարծում եմ՝ մի բան կա, որը պետք է սովորենք գիտության պատմությունից, երբ 100 տարի առաջ մեծ գիտնականները, ինչպիսիք էին Ալբերտ Այնշտայնը, Մաքս Պլանկը, Հայզենբերգը, գիտակցեցին, որ ֆիզիկայի և մեխանիկայի դասական օրենքները չեն կարող գործել նոր հայտնագործած տարրերի և ատոմների վրա: Պետք է փոխես մտածելակերպդ, փիլիսոփայությունդ, տրամաբանությունդ, անգամ առողջ դատողությունդ՝ հասկանալու և ստեղծելու քվանտային ֆիզիկայի տեսությունը:

Մենք խաչմերուկին ենք, իսկ աշխարհը դարձել է քվանտային: Սա այն խաչմերուկն է, որտեղից մենք պետք է սկսենք մտածել այլ կերպ, քանի որ աշխարհը, որը մեր առջև է, այն չէ, ինչ 10 կամ 20 տարի առաջ էր: Եթե փոխենք մեր մտածելակերպը և ձևավորենք մեր հավակնություններն ու ռազմավարությունը, ապա արդյունավետ կերպով կկարողանանք օգտագործել այն ֆինանսները և հարստությունը, որ աշխարհը ստեղծել է այս ֆենոմենալ զարգացման ընթացքում, և օգտագործել այդ տեխնոլոգիաները՝ լուծելու այն խնդիրները, որոնց առերեսվում ենք: Եվ պետք է ոչ միայն լուծենք խնդիրները, այլև՝ ստեղծենք զարգացման հիմք՝ հանուն ավելի լավ ապագայի:

Եվ վերջապես,

Այս համաժողովի բացմանը պրոֆեսոր Բրայան Քոքսը մեզ բոլորիս տարավ Տիեզերք՝ վերևից ցույց տալու, թե ինչ հիասքանչ է այս մոլորակը և գիտակցելու, որ ողջ Տիեզերքում սա է մեր տունը, մեր միակ տունը, և մենք չունենք այլընտրանք՝ այս կանաչ ու կապույտ մոլորակի համար աշխատելուց և պայքարելուց բացի:

Հայաստանը հանձնառու է դառնալ իսկապես խելացի պետություն՝ նվիրված մեր բնությանը, մոլորակին ու մարդկությանը: Եվ ես լավատես եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս դժվարություններն ու կառուցել ավելի պայծառ ապագա բոլորիս համար:

Շնորհակալ եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս