Տարածաշրջանային ձևաչափը 3+3 տեսքը երբեք չի ունենա

Հոկտեմբերի 30-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած «Մեծ քսանյակի» (G-20) գագաթաժողովի շրջանակում թուրքական կողմն իր միջազգային գործընկերների հետ ակտիվորեն քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և թյուրքական նախաձեռնությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ինչպես տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, այնպես էլ իր առաջարկած 3+3 նախաձեռնությունից խոսել է բոլոր հանդիպումների ու մամուլի համար հայտարարությունների ժամանակ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման խնդրին և «վեցյակի» (3+3) պլատֆորմի ձևավորման շուրջ բանակցությունները շարունակվում են։ «Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան. եկեք վեցով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում»,- նման ուղերձ է հղել Էրդողանը։ Թուրքիայի նախագահը նշել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ։

«Վրաստանի կողմից որոշակի բացասական վերաբերմունք կա, բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ապա այդ հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ նման հարթակի ձևավորումը կնպաստի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը դրական ուղղությամբ։

Միջազգային մամուլի փոխանցմամբ, տարածաշրջանային թեմատիկան քննարկվել է նաև էրդողան-Բայդեն, Էրդողան-Մերկել, Չավուշօղլու-Լավրով հանդիպումների ընթացքում: Սպիտակ տան հաղորդագրությունում ասվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը» և իրադրությունը Միջերկրականի արևելքում: Բայդենը նաև երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ օգոստոսին Աֆղանստանում ավարտված ամերիկյան գործողությանը աջակցելու համար: ԱՄՆ նախագահը, սակայն, նշել է ԱՄՆ-ի անհանգստությունն այն մասին, որ Թուրքիան տիրապետում է ռուսական Ս-400 համակարգերի:

Հռոմում «Քսանի խմբի» գագաթաժողովի շրջանակում Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը հիմնական ուշադրություն է դարձվել Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը։ «Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային օրակարգի մի շարք հարցերի և երկկողմ կապերի առանցքային ասպեկտներին:

Ուշագրավն այն է, որ ռուս-թուրքական ընկալվող վեցի պլատֆորմն իրականում ակտիվորեն շրջանառում է միայն թուրքական կողմը, որը և պաշտոնապես հայտնել է նման հարթակի անբհրաժեշտության մասին: Ռուսական կողմը, այդ թվում՝ պաշտոնական դիվանագիտական շրջանակներին հարող քարոզչական շրջանակները փորձում են «հեռավորություն պահպանել» այս ծրագրից, միևնույն ժամանակ ցույց տալով, որ պատրաստ են մասնակցել տարածաշրջանային այս ձևաչափին: Պաշտոնապես այս հարթակի գործունեության մեջ շահագրգռվածություն են հայտնել Անկարան, Բաքուն, Թեհրանը, Մոսկվան, իսկ Թբիլիսին դեմ է Մոսկվայի հետ միևնույն ձևաչափի շրջանակում աշխատանքին, որին աջակցություն է հայտնում Միացյալ Նահանգները, իսկ Երևանը դեռ դիրքորոշում չունի, ինչպես օրերս ասել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հոկտեմբերի վերջին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր՝ ՌԴ-ն հույս ունի Անդրկովկասում «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան+Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հնարավորինս շուտ գործարկման, սակայն արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, այդ գործընթացը խոչընդոտելու փորձեր են անում: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը, փորձելով կանխել բանակցային մեխանիզմի գործարկումը, ապատեղեկատվություն է տարածում՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը։ Զախարովան հիշեցրել էր, որ նման մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

Դրանից առաջ Վրաստան այցի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մասնավորապես հայտարարել էր․ «Մինչև որևէ նոր հարթակի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի պայմանագիրը»։

«168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ Էրդողանը, ըստ ամենայնի, փորձեց հանրությունից տարածաշրջանային նման հարթակ ձևավորելու համար միջազգային «թույլտվություն» ստանալ՝ հասկանալով, որ ԱՄՆ-ը դրան դեմ է: Այսինքն, նրա խոսքով, թույլտվություն տարածաշրջանը Արևմուտքի ազդեցությունից լիովին դուրս հանելու համար:

«Ինչպես տեսնում ենք, Էրդողանը փորձում է հանդես գալ՝ որպես գլխավոր խաղացող այս գոտում, փորձելով ստվերել նույնիսկ ՌԴ-ին և անձամբ բանակցել այս ծրագիրը դեմ երկրների հետ: Էրդողանը խաղաղության մասին հայտարարությունների հետ մեկտեղ՝ փորձում է տարածաշրջանը լիովին կտրել արևմտյան ազդեցությունից՝ ստեղծելով հարթակ, որի շրջանակում անձամբ կկառավարի բոլոր հարցերը կամ դա կանի ՌԴ-ի հետ միասին: Այս պահին ՌԴ-ի դիրքորոշումը մի փոքր անհասկանալի է, հստակ ասել, որ սա ռուս-թուրքական նախաձեռնություն է, սխալ կլինի: Տպավորություն է, որ Մոսկվան կամ չի հավատում նման պրոյեկտի ձևավորմանը, կամ պարզապես դեմ է դրան, որովհետև Թուրքիայի ազդեցությունն էլ ավելի կմեծանա, կամ կազմակերպչական մասը վստահել է Թուրքիային, որը իբրև ՆԱՏՕ անդամ և Արևմուտքի հետ ավելի լավ հարաբերություններ ունեցող երկիր՝ կարող է սա կազմակերպել:

Իհարկե, այս ամենում Երևանի և Թբիլիսիի դիրքորոշումներից շատ բան է կախված, առանց Թբիլիսիի հնարավոր է հարթակի կազմը կրճատել, բայց առանց Երևանի բարդ կլինի: Մյուս հանգամանքը, որը զարմացնում է, այն է, որ Երևանի դիրքորոշումների վրա ազդում է Մոսկվան, այդ դեպքում ակնկալելի է, որ Երևանը պետք է կողմ լիներ: Այս դեպքում չի բացառվում, որ մեր ընկալումը հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ սխալ է, կամ Մոսկվան է դեմ այս ամենին»,- ասաց վերլուծաբանը: Սակայն, ըստ նրա, կարևոր էր այն, որ Էրդողանը դա միջազգային նման մակարդակի հանդիպումներում քննարկել է հարավկովկասյան թեմատիկան, ըստ էության հավակնելով դառնալ այս ռեգիոնի խնդիրները համակարգողը:

Վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ հատկապես ԱՄՆ դիրքորոշման հրապարակումից հետո վրացական մոտեցումներն ամրապնդվել են, և դրանք հստակորեն բացասական կողմում են:

«Վրաստանը պաշտոնապես նշել է, որ դեմ է նման հարթակին, սակայն Վրաստանը նաև նշել է, որ կողմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը, դա ցույց տալով իր քայլերով: Վրաստանի վարչապետը այցեր նախաձեռնեց Երևան ու Բաքու, կարծում եմ՝ Վրաստանը դրանով հայտնեց իր քաղաքական կամքը՝ աշխատելու իր հարևանների հետ անկախ Ռուսաստանից: Բնական է նաև, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Վրաստանը միանա այդ հարթակին՝ իր բոլոր աշխարհաքաղաքական հետևանքներով: Սակայն Վրաստանում դա շատ լավ են հասկանում ու դեմ են դրան: Ուստի կարծում եմ՝ այնուամենայնիվ տարածաշրջանային ձևաչափը 3+3 տեսքը երբեք չի ունենա»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս