«ՀՀ ԱԱԾ-ը պարտավոր է պատգամավորներին տրամադրել պետական գաղտնիքին ամբողջական հասանելիություն». Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից պետական գաղտնիքին մուտքի թույլտվության հարցը վերջին ժամանակներում իշխանության կողմից դարձել է շահարկման առարկա և ընդդիմության գործունեությանը խոչընդոտելու գործիք:
Այս առումով հարկ եմ համարում արձանագրել, որ ՀՀ ԱԺ-ը ՄԻԱԿ պետական ինստիտուտն է, որ օժտված է առաջնային մանդատով, ներկայացնում է ՀՀ ողջ ժողովրդին և իրավունքի ուժով արդեն իսկ օժտված է պետական գաղտնիքին մուտքի թույլտվության իրավունքով:
ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից պետական գաղտնիքին տիրապետելու իրավունքը պարտադիր պայման է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար:
ՀՀ ԱԱԾ-ը ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀՀ ԱԺ պատգամավորներին տրամադրել պետական գաղտնիքին ամբողջական հասանելիություն, եթե առկա չեն մերժման բավարար հիմքեր: Նման հիմքերի առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ-ը պետք է պատշաճ կարգով իրազեկի ՀՀ ԱԺ- նախագահին, սակայն դա պետք է լինի ընդհանուր կանոնից բացառություն:
ՀՀ ԱԺ-ի պատգամավորը չպետք է դիմի ՀՀ ԱԱԾ-ին և ներկայացնի իր մասին տեղեկություններ, քանի որ այդ տեղեկություններն արդեն իսկ պետք է առկա լինեն ՀՀ ԱԱԾ-ում:
Իսկ եթե այդ տեղեկություններն ԱԱԾ-ում առկա չեն և ԱԱԾ-ը սպասում է ԱԺ պատգամավորերի կողմից դրանց ներկայացմանը, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը ՉՈՒՆԻ Ազգային անվտանգության ծառայություն:
Հ.Գ. Իրավիճակի աբսուրդը պատկերացնելու համար պատկերացրեք, որ ընտրված ՀՀ Նախագահը, կամ ՀՀ վարչապետը, ՊՆ նախարարը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաները դիմում են ՀՀ ԱԱԾ-ին պետական գաղտնիքին մուտքի թույլտվության, իսկ վերջինս էլ 3 ամիս քննարկելուց հետո որոշում է՝ ընդունել թե՞ մերժել այդ դիմումները ..»։