«Եթե ընդդիմությունը լիներ իշխանության՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիր չէր լինի, արցախյան պատերազմ չէր լինի, Արցախից այսօր 25 տոկոս չէր մնա»․ Արտաշես Գեղամյան

«Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պետք է անպայման դիտարկենք աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, որովհետև 10 Ալիև լիներ, Ադրբեջանը երբեք չէր համարձակվի պատերազմական գործողություններ սկսել, եթե նա համոզված չլիներ, որ իր թիկունքում կանգնած է Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը ԱՄՆ-ից հետո ունի ամենաուժեղ ռազմական ուժը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ շեշտելով, որ պատերազմական գործողությունների ժամանակ, ինչպես գիտենք, ներքաշված էր շուրջ 2000 ահաբեկիչ:

«Սա լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավեր էր՝ ուղղված ոչ թե Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, այլ Ռուսաստանին: Մենք, ցավով եմ ասում, մատաղացուի դերակատարում ունեցանք: Եվ ամենևին պատահական չէր՝ պատերազմը դեռ չսկսված, 1.5 ամիս առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանին ու անդամ մյուս պետություններին դիմելով՝ ասաց, որ՝ եկեք համատեղ զինավարժություններ կազմակերպենք Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ինչից Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց: Ասեմ ավելին՝ պատերազմի 4-5-րդ օրը ՌԴ հատուկ ծառայությունները հասկանալով իրերի իրական վիճակը և հնարավոր զարգացումները՝ դիմեցին թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններին, որ կանխեն պատերազմական գործողությունները ճիշտ այն նույն սցենարով, ինչը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին, երբ 4-րդ օրը ՌԴ ռազմուժի գլխավոր շտաբի պետը կանչեց Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին՝ ճնշեց, խեղդեց պատերազմական գործողությունը, կնքվեց հրադադար: 44-օրյա պատերազմի դեպքում հոկտեմբերի 7-ին Պուտինի մակարդակով ասվեց, որ՝ եկեք կանխեք դա, սակայն վիժեցվեց»,- նշեց Արտաշես Գեղամյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանի հաջորդ պարտադրանքը՝ դադարեցնել պատերազմը, արդեն հոկտեմբերի 19-ին էր:

«Եթե հոկտեմբերի 19-ին զինադադարի վերաբերյալ համաձայնագիր կնքվեր, ակնհայտ է, որ առնվազն 2000 զինվորականի կյանք կփրկեինք: Ալիևը մի խնդիր էր դնում. Շուշին վերաբնակեցնել ադրբեջանցի փախստականներով: Այդ ժամանակ ստատուսի հարց չէր քննարկվում»,- հավելեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ըստ Գեղամյանի, դա օդ ու ջրի պես թուրքերին պետք է, որովհետև հնարավորություն կտա Էրդողանի բաղձալի՝ Մեծ Թուրանի երազանքը կյանքի կոչել:

Խոսելով օրերս ԱՄՆ նախագահ Բայդենի և Էրդողանի հանդիպման մասին՝ Արտաշես Գեղամյանը G20-ի շրջանակում, ասաց, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:

«Փաստորեն Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը քննարկվում է առանց Հայաստանի, Ռուսաստանի մասնակցության: Այ այստեղ հստակ դարձավ, որ այն, ինչ Թուրքիան արել է 44-օրյա պատերազմում, առնվազն համաձայնեցված է եղել ԱՄՆ-ի հետ»,- նման կարծիք հայտնեց Արտաշես Գեղամյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահն ընդգծեց՝ ՀՀ-ում կարևորն  անվտանգության ապահովումն է, որը երաշխավորում է եղած հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցությունը:

«Եթե ընդդիմությունը լիներ իշխանության՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիր չէր լինի, արցախյան պատերազմ չէր լինի: Արցախից այսօր 25 տոկոս չէր մնա, Գորիս-Կապան ճամփին ադրբեջանցին դիտակետ չէր դնի»,- ասաց նա:

Հարցին, թե փաստաթուղթն ի՞նչ ձև կստանա, պատասխանեց. «Ես ոչ Կասանդրան եմ, ոչ էլ այլ գուշակ: Բայց կարող եմ ասել, որ երբեք չի նպաստի, որ Թուրքիայի դերակատարումը մեր տարածաշրջանում ավելի հզորանա»:

Տեսանյութեր

Լրահոս