Բաժիններ՝

«Եթե նախկինում Երևանում երկրաշարժի վտանգը գնահատում էինք մինչև 7 բալ, այսօր մինչև 8 բալ է». Անդրանիկ Փիլոյան

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկայացնելով 2022 թվականի բյուջեի նախագիծը՝ անդրադարձավ նաև ՀՀ սեյսմիկ իրավիճակին։

«Մենք մեր ծրագրային միջոցառումների կատարման ժամանակ առաջնորդվում ենք մեր կողմից արդեն պլանավորված ՀՀ-ում գտնվող դպրոցների, մանկապարտեզների սեյսմիկ խոցելիության վտանգի գնահատմամբ։ Այս տարի մենք Երևանում ամբողջովին իրականացրեցինք այն դպրոցների, մանկապարտեզների սեյսմիկ գնահատման աշխատանքներ, որոնք երկրաշարժից հետո խնդիրներ ունեին։ Մենք շարունակաբար իրականացնում ենք այդ աշխատանքները ՀՀ ամբողջ տարածքում»,- նշեց Անդրանիկ Փիլոյանը։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքելով ներկայացրածին, նշեց, թե Սպիտակի երկրաշարժից հետո մշտապես եղել է սեյսմիկ պաշտպանության խնդիր, և առկա խնդիրներն ինչ-որ չափաբաժնով լուծվում են, որը, սակայն, ամբողջական ծրագրի տեսք դեռ չի ստացել։

Արտակարգ իրավիճակների նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր ԱԻՆ-ը խնդրի վերաբերյալ գնում է  նաև այլ ճանապարհով՝Քաղաքաշինության կոմիտեի հետ միասին։

«Նոր շենքերի կառուցման հետ կապված, առանց սեյսմիկ ծառայության կողմից տրված գնահատականի, Քաղաքաշինության կոմիտեն թույլ չի տալիս նոր շենքերի կառուցմանը, քանի որ մենք խնդիրներ ունենք ամբողջ հանրապետությունում սեյսմիկ վտանգների գնահատման հետ կապված։ Եթե նախկինում Երևանում գնահատում էինք մինչև 7 բալ երկրաշարժի առկայություն, ապա վերջին ժամանակներում, մեր գնահատմամբ՝ դրա վտանգը մինչև 8 բալ է։ Դրանից ելնելով՝ շենքերի սեյսմիկ կայունության հետ կապված նաև պահանջներն են փոխվել»,- շեշտեց ԱԻ նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս