Մահացել է ԼՂՀ վաստակավոր բժիշկ, վարակաբան Համո Հովսեփի Բաբայանը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը և ողջ համակարգը խորը վշտով ցավակցում է ԼՂՀ վաստակավոր բժիշկ, վարակաբան Համո Հովսեփի Բաբայանի մահվան կապակցությամբ և զորակցություն հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին:
Հասարակության հարգանքը վայելող մարդու, աշխատանքին նվիրված վաստակավոր բժշկի հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում:
Համո Բաբայանը ծնվել է 1942թ հունիսի 12-ին, Հադրութի շրջանի Տումի գյուղում։
1965թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը վերապատրաստվել ռազմադաշտային վիրաբուժության չորսամյա դասընթացներում։
Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հադրութի շրջանային հիվանդանոցում՝ սկզբում որպես բժիշկ-լաբորանտ, այնուհետև` վարակաբան:
1984-1994 թթ. զբաղեցրել է հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը: 1992-1994 թթ. միաժամանակ՝ զինվորական հոսպիտալի պետ։
Մասնակցել է Հադրութի, Վարանդայի, Ջրականի, Կովսականի, Կարախանբեյլիի, Կավաքի բարձունքի, Սեիդահմեդլիի ազատագրական մարտերին։
1988-1994 թվականներին ռազմադաշտային շարժական հոսպիտալներ է ստեղծել Խծաբերդում, Ազոխում։
Համո Բաբայանի վաստակը գնահատվել է ըստ արժանվույն՝ ԼՂՀ առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման, մարտական խնդիրների լավագույնս կատարման համար պարգևատրվել է
«Վաչագան Բարեպաշտ», «Մարտական ծառայություն» մեդալներով:
2012թ ԼՂՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։