1 միլիարդ 956 միլիոն 604 հազար դրամի պարգևավճար՝ ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց, որ նախագծով ԱԻՆ-ին նախատեսված է հատկացնել 13 մլրդ 975 մլն 652 հազար  700 դրամ։

«Նշված գումարից 12 մլրդ 520 մլն 800 հազար դրամը համակարգի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդն է կամ շուրջ 89,6 տոկոսը։ Իսկ մնացած 1 մլրդ 454 մլն 952 հազար 600 դրամը կամ 10,4 տոկոսը կազմում են համակարգի ստորաբաժանումների կամ հիմնարկների ընթացիկ պահպանման ծախսերը, ներառյալ՝ ՊՈԱԿ-ների գծով ավելացված արժեքի հարկը»,- նշեց Անդրանիկ Փիլոյանը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2000 թվականին Կառավարության հատուկ որոշմամբ լուծարվել են «Լազուր» և «Պաուստ» ՊՈԱԿ-երը և 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել են ԱԻ նախարարության կանոնադրությունում, որի կառույցում ներառված է ռեզերվների գրասենյակը։

«Այլ ապարատների ցանկը սահմանվել է 359 հաստիք։ Ծրագրի գծով ծախսերի աճը պայմանավորված է 130 հաստիքների ավելացումով։ 2022 թվականին ծրագրերի և խնդիրների իրականացման համար նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 426 միլիոն  235 հազար դրամ, որից աշխատանքի վարձատրությունը 1 մլրդ 271 միլիոն 442 հազար դրամն է կամ 89,1 տոկոսը։ Այդ թվում՝ աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ՝ 987 միլիոն 890 հազար դրամ պարգևավճարներ, դրամական խրախուսանքներ և հատուկ վճարներ»,- հավելեց Անդրանիկ Փիլոյանը։

Ըստ նրա, ԱԻՆ փրկարար ծառայությունը մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։

«2022 թվականին նախատեսվում է ծրագրին հատկացնել 11 մլրդ 557 միլիոն 713 հազար դրամ։ Հատկացված գումարից 10 մլրդ 528 միլիոն 76 հազար դրամ կհատկացվի աշխատավարձերին։ Պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների համար նախատեսվում է 1 մլրդ 956 միլիոն 604 հազար դրամ»,- եզրափակեց Արտակարգ իրավիճակների նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս