ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն 7 դաշինք, 6 կուսակցություն
Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ եւ Սեւան խոշորացված համայնքներում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քվեարկվելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 6 կուսակցություն եւ 7 կուսակցությունների դաշինք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովից, Գավառ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մեր համայնքը» եւ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքները։ Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ Սեւան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։
Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ Մարտունի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկվելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Լուսավոր Հայաստան», «Ապրելու երկիր» կուսակցությունները, «Ալաշկերտ» եւ «Արդար Հայաստան» կուսակցությունների դաշինքները։ Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու ընտրություններում քվեարկվելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները։