«Չեմ փոշմանել, որ ասել եմ. Այո՛, թող լողանան, նոր գան նիստի». Թեհմինա Վարդանյան

«Պատասխանատու հայտարարում եմ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության առնվազն կեսը նիստերին պարբերաբար չի մասնակցում: Ունենք ավագանու անդամներ, որոնք արդեն մի քանի նիստի չեն մասնակցել, ինչը օրենքով չի թույլատրվում, և այդ ավագանու անդամները պետք է ուղղակի վայր դնեն իրենց մանդատները»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ և «Լույս» խմբակցությունները որևէ նիստ բաց չեն թողնում. «Երեք տարվա կտրվածքով մեր խմբակցությունից յուրաքանչյուրս երևի 2 անգամ չենք բացակայել նիստերից»:

Դիտարկմանը՝ գուցե իր ելույթներից են նեղվում և չեն գնում նիստերի, նա արձագանքեց. «Հնարավոր է, և ես հուսով եմ, որ իմ ելույթները իրենց փոքր տրամաչափով ուղեղների վրա փոքր ազդեցություն թողնում են, թեկուզ՝ ամոթի, թեկուզ՝ նեղվածության: Բայց այդ դեպքում Փաշինյանն ինչո՞ւ չի նեղվում, որ ազգի 50 տոկոսն իրեն հայհոյում է. թող նեղվի՝ հրաժարականի դիմում ներկայացնի: Այսինքն՝ մի կուսակցությունը մի տրամաբանության մեջ պետք է լինի»:

Հարցին՝ վերջին օրերին շատ քննարկվեց Ձեր՝ ավագանու իշխանական խմբակցությանն ուղղված հորդորը, որ լողանան, որպեսզի վրաներից քաբաբի կամ կեղտոտ բոթասի հոտ չգա. իսկապե՞ս նման հորդորի անհրաժեշտություն կար, նա պատասխանեց.

«Խոսքս ամենևին քաբաբին չեն վերաբերում, որովհետև այդ ուտեստի անունը նստած տեղից մինչև իմ ելույթը արտաբերեց իշխող խմբակցության ղեկավարը՝ պարոն Գալջյանը, որ ավագանու նախկին անդամները քաբաբ ուտողներ էին, և այդ դահլիճում գործ չունեին: Ես նրան ուղղակի հիշեցրի՝ ովքեր էին եղել նախկին ավագանու կազմում՝ Լպուտյանը, Վարդազարյանը՝ մեծագույն մարդիկ, և բոլորին համահարթեցնել քաբաբ ուտողների տակ, անթույլատրելի է: Դրա համար էի ասում՝ քաբաբի հոտ է գալիս վրաներից, թե չէ՝ իրենց 90 տոկոսի վրայից «պերաժկու» հոտ է գալիս, իսկ ինչ վերաբերում է կեղտոտ բոթասին և լողանալուն, ես 3 տարի շարունակ բոլոր վարչություններում դա բարձրաձայնել եմ, բոլոր փոխքաղաքապետերի, նաև՝ աշխատակազմի ղեկավարի ներկայությամբ: Այո, ես չեմ ամաչում, եթե այն իրավիճակն է հասել, որ կարող են իրենց թույլ տալ գրեթե ամեն ինչ և նստած տեղից ասել՝ լավ եմ անում՝ ասում եմ, լավ եմ անում՝ խոսում եմ, ուզում եմ լավ անեն՝ ուղղակի լողանան և գան նիստի: Համբերության բաժակը մի օր լցվում է, և եկավ օրը՝ ամբիոնից դա ասացի: Ամաչո՞ւմ եմ դրա համար՝ ոչ, փոշմանո՞ւմ եմ՝ իհարկե ոչ»:

Թեհմինա Վարդանյանն առաջարկեց նախագիծ ներկայացնել, որ ավագանու նիստերին առանց լողանալու գնացող իշխանականները չլողանալու պատճառների վերաբերյալ համապատասխան թուղթ ներկայացնեն. «Հիմա նախագիծ են բերել, որ կառավարեն ավագանու անդամների բացակայությունը: Այդ նախագիծը իր ուժը չի պահպանելու, այդ մասին չեմ ուզում հիմա խոսել, հավելյալ հայտարարությամբ հանդես կգանք: Բայց եթե իրենք նախագիծ են բերել, որ ավագանու ընտրված անդամը պետք է աշխատակազմին ներկայացնի, թե ինչու չի գնացել նիստի, ես էլ գուցե վաղը նախագիծ տանեմ, որ տարբեր սեռական հետազոտությունների փաթեթ հանձնած մարդիկ միայն կարողանան մասնակցել ավագանու նիստին: Եթե ամեն ինչ այդքան իջեցրել են կենցաղային մակարդակի, գուցե նման նախագիծ ներկայացնենք»:

Այս տարվա մայիս ամսին, երբ ադրբեջանցիները ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք, մեր տաղավարում Թեհմինա Վարդանյանը հետևյալն էր ասել. «Մեր երկրի ղեկավարն օրուգիշեր զբաղված է խեղկատակությամբ և սեփական անձը շոյելու փորձերով, մանիպուլյացիաներով, «մեդիատեռորներով»: Մեր իշխանությունները զբաղված են էժանագին, մանիպուլյատիվ և մանկապարտեզի տարիքի երեխաների մակարդակի և գործելաոճի մանր-մունր խնդիրներով»:

Նա վերահաստատեց իր այդ պնդումը՝ նշելով, որ նույն խեղկատակ իրականության մեջ շարունակում ենք ապրել. «Իրականում, ես նեղացած եմ ժողովրդից, այդ իսկ պատճառով՝ ամիսներ շարունակ չեմ կարողանում ինքս ինձ հետ հաշտվել և խոսել այդ թեմայով: Այսօր էլ առանձնապես չեմ ուզում խոսել այդ թեմայով, բայց ուզում եմ ընդգծել, որ այսօր՝ որպես քաղաքացի, նեղացած եմ: Ընտրություններից հետո սա իմ առաջին հարցազրույցն է, որովհետև ես այդ տրամաբանության մեջ չեմ տեղավորվում, թե ինչ ասել է՝ ընտրել գործող կառավարությանը, ընտրել Փաշինյանին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս