
«Միջոցառման բոլոր մասնակիցներն ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք». ինչ են պարզաբանում նախագահականից հայտնի լուսանկարի մասով

Սոցիալական մեդիայում երեկ ակտիվորեն քննարկվում էին նախագահական նստավայրում կայացած ընդունելության կադրերը, որտեղ մասնակիցներն առանց դիմակների էին: ArmLur.am-ն այս հարցով դիմել էր նախագահականի լրատվականին:
«Հասկանալով մեր հայրենակիցների տարակուսանքը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության լուսանկարների առնչությամբ և ըմբռնումով մոտենալով նման արձագանքին՝ միաժամանակ, պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման բոլոր մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության:
Համամիտ ենք այն տեսակետին, որ պատվաստումը վիրուսից պաշտպանվելու, համավարակը հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու լավագույն ճանապարհն է»,- ի պատասխան մեր հարցման հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։