Նիկոլ Փաշինյանն արձագանքում էր Ալիևին և փորձում ցույց տալ,  որ նրանք Ադրբեջանի համար չեն կարող վտանգ ներկայացնել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկրի «պաշտպանական ռազմավարության» մասին, նշեց՝  «ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն,  զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ  ագրեսիայից պաշտպանվելու համար. ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»:

Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ այդպիսով Փաշինյանն Ադրբեջանին որոշակի մեսիջներ էր ուղարկում:

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դրանով արձագանքում էր Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, որ Հայաստանը ռևանշի գնալու նպատակ ունի, և փորձում է ցույց տալ, որ նրանք որևէ պարագայում Ադրբեջանի համար չեն կարող վտանգ ներկայացնել»,- ասաց Աբրահամյանը:

Պատգամավորի խոսքով՝ վերջին 3 տասնամյակում պաշտպանության բանակը մարտական պատրաստության վիճակի բարձրացման ուղղված բոլոր միջոցառումների հիմքում դրել է ոչ միայն պաշտպանվելու, այլև հակահարձակողական և հարձակողական գործողությունների սցենարի տրամաբանությունից ելնող գործողություններ:

«Այս պարագայում պետք է նշեմ, որ գոնե մինչև 2018թ.-ը հայկական զինուժը առաջնորդվել է այն սկզբունքով, որ տարածաշրջանում կարող են տեղի ունենալ սցենարային տարբեր զարգացումներ, և հայկական զինուժը պետք է պատրաստ լինի իրավիճակի զարգացման բոլոր սցենարներին: Ի սկզբանե հանել մեր հնարավոր գործողությունները Հարավային Կովկասում տեղի ունեցող ռազմաքաղաքական ամենատարբեր իրավիճակների համար, ես որևէ ձևով հիմնավորված չեմ համարում, մեկ: Երկրորդ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է զինված ուժերի բարեփոխումների, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հայտարարությունների մասին, դրանք լոկ չպետք է լինեն հայտարարություններ, որոնք գրված են թղթի վրա:

Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու և առհասարակ իրավիճակին համահունչ, եղած սպառնալիքներին համահունչ զինված ուժեր վերակազմավորելու խնդիրը բավականին բարդ է, և ես չեմ տեսնում այն հնարավորությունը, ես չեմ տեսնում իշխանության այն իրական ցանկությունը, որը մեզ հնարավորություն է տալու՝ գնալու այդ ճանապարհով: Ես տեսնում եմ զինված ուժերում սպաներ, պայմանագրայիններ, ես տեսնում եմ մեր հասարակության մեջ մարդիկ, ուժեր, երիտասարդներ, որոնք պատրաստ են և կարող են լինել այն միջուկը, որի վրա վերակառուցվելու են Հայաստանի զինված ուժերը և պաշտպանության բանակը, բայց, ցավոք, ես չեմ տեսնում, որ այս իշխանությունները որևէ իրական քայլեր են իրականացնում այդպիսի զինված ուժեր վերակառուցելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս