ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Նիկոլ Փաշինյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը  նշեց՝ «2022 թվականի պետական բյուջեն հիմնված է 3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում: Գործադիրի ղեկավարը նաև մանրամասնեց հիշատակած կետերից յուրաքանչյուրի ուղղությամբ կատարվող քայլերը:

«2022թ.-ի պաշտպանական բյուջեն 2021թ.-ի պլանի համեմատ ավելի է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով՝ քայլ  առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական  ծառայության կերպարը, զարգացնելով ու  բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ անվտանգային նոր միջավայրում երկրի սահմանների պահպանությունը շարունակում է  մնալ կարևորագույն առաջնահերթություն.

«Խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»:

Նա հավելեց՝  ՀՀ տարածքից,  մասնավորապես՝ Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման և  ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար, ապա շեշտեց.

«Ինչ վերաբերում է մեր երկրի պաշտպանական ռազմավարությանը՝ կառավարության  ծրագրում արդեն ընդգծել ենք, որ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն,  զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ  ագրեսիայից պաշտպանվելու համար. ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»:

Վարչապետը անվտանգության համակարգի զարգացման  իմաստով կարևորեց  ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը,  ՀՀ-ի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման  դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը, որը, ըստ նրա, տեսանելի է մեր տարածաշրջանում  թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով:

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝  ապաշրջափակումը որակապես կարող է փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը,  լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնել տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրումների համար:

«Տարածաշրջանային ենթակառուցվածքային զարգացումներին զուգահեռ՝ մենք հայաստանյան ենթակառուցվածնքերի զարգացման ուղղությամբ  2022 թ.-ին ծախսելու ենք 32 տոկոսով ավել, քան 2021 թվականին՝ հասցնելով այս ուղղությամբ կատարվելիք ծախսերը ավելի քան 278 միլիարդ դրամի:

Նախատեսված է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել և կամ կառուցել տարբեր մեծությամբ ջրամբարներ, որոնք պետք է էապես բարձրացնեն ոռոգման ջրի մատակարարման ծավալը և որակը, 35 տոկոսով աճելու է խմելու ջրի որակի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ծավալը՝ հասնելով 11.5 միլիարդ դրամի,  մեկնարկելու է Հյուսիս-Հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների մրցույթները՝ նպատակ ունենալով հաջորդ տարի արդեն սկսել միանգամից երկու հատվածների շինարարական աշխատանքները:

Մեր պետության հարատևությունն ապահովելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ գիտության և կրթության բնագավառում, ինչը մեզ համար չափազանց կարևոր առաջնահերթություն է:  2022 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով»,- նախագծից մեջբերումներ կատարելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս