Պարտք ներգրավելով Կառավարությունը կկարողանա իրականացնել պլանավորած ծրագրերը. Տիգրան Խաչատրյան
«Գիտենք, որ 2020 թ., կախված թե՛ համավարակի, թե՛ պատերազմական գործողությունների ազդեցությամբ, հանգեցրել է նրան, որ մենք արդյունքում ունեցանք ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք: Այդ հանգամանքը օրենքով սահմանված կանոնների բերումով պահանջում է, որ հաջորդ 5 տարիների ընթացքում կառավարությունն ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային շրջանակ, որով երաշխավորվում է պարտքի վերադարձ՝ 60 տոկոսը չգերազանցող սահմանում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Հաջորդ կարևոր առանձնահատկությունը, ըստ նախարարի, հարկային եկամուտների ավելացման ծրագրային պահանջն է:
«Կառավարության ծրագիրը սահմանել է, որ մինչև 2026թ․ հարկային եկամուտներ պետք է հասցվեն համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին, ինչը եթե համեմատում ենք 2021 թվականի համար սպասվող 22.5 տոկոս չափին, նշանակում է, որ յուրաքանչյուր տարի պետք է առնվազն 0.5 տոկոսային կետով հարկային եկամուտների բարելավում ունենանք,- ասաց նա, ապա անդրադառնալով ծրագրով ուղղորդվող ծախսերին՝ նա նշեց կապիտալ ծախսերի զգալի ավելացման մասին, նկատելով, որ դրանք վերաբերում են թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ենթակառուցվածքներին,- Մենք այս բոլորը միասին վերցրած տեսնում ենք տնտեսական աճի կայուն միջավայր ստեղծելու համատեքստում՝ որպես նախապայման, որովհետև թե՛ 2022-ը, թե հաջորդող տարիները կառավարության ծրագրի այն ժամանակահատվածն է, որ թիրախային 7 տոկոս տնտեսական աճը նվազագույն ցուցանիշն է»:
Նա շեշտեց՝ 2021-ի և 2022-ի կանխատեսվող գործողությունների արդյունքում պետք է հասնեն նրան, որ 2022-ի ամփոփ ցուցանիշը կազմի ՀՆԱ-ի 60.2 տոկոսը. «Հետագա տարիներին նույնպես կունենանք ոչ շատ կտրուկ նվազեցում: Դեֆիցիտի ֆինանսավորման միջոցով խելամիտ կապիտալ կամ զարգացման ծրագրեր իրականացնելը հենց այն կարևոր նախապայմաններից են, որոնք պետք է ապահովեն տնտեսական պոտենցիալի ավելացում և նաև՝ բարձր տնտեսական աճ:
Այս տեսանկյունից մենք պարտքի հետևողական և շարունակաբար նվազեցման ենք գնալու: Եվ մյուս կողմից՝ խելամիտ սահմանաչափով ֆիսկալ տարածք ազատելով, արտադրողական և արդյունավետ ծրագրեր իրականացնելով՝ ստեղծելու ենք այնպիսի ծրագիր և իրականացնելու ենք այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստելու են տնտեսական աճի բարձր ցուցանիշների պարագայում պետբյուջեի կատարմանը»: