
Մհեր Գրիգորյան, մի՛ բարդեք ձեր ձախողումը «Գազպրոմի» վրա

Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարություններին, գրել է.
«Մհեր Գրիգորյանը կրկին խոսել է «Գազպրոմի» հետ համաձայնության ձեռքբերման անհրաժեշտության մասին՝ որպես առանցքային խնդիր առանձնացնելով Հրազդանի 5-րդ էներգաբլոկի անժամկետ կանգնեցումը:
«Կայանի կառուցումը լուրջ ներդրում է, սակայն այն չի երաշխավորում եկամտաբերությունը: Դրանում է խնդիրը»,-ասել է նա:
Մհեր Գրիգորյա՛ն, դա չէ խնդիրը, դա խնդրի հետևանքն է: Խնդիրը՝ Իրան-Հայաստան 3-րդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման ձախողումն է, որը պետք է ավելացներ Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան: Հենց այդ հեռանկարի վրա էր խարսխված «Հրազդան-5»-ի բիզնես-պրոյեկտը: Արտահանման սահմանափակ հնարավորությունների պայմաններում անիմաստ է դառնում նման խոշոր օբյեկտի հետագա շահագործումը:
Ուստի, խնդիրը խորքային է, համակարգային: Մի բարդեք ձեր ձախողումը «Գազպրոմի» վրա: