Իրանը նույնպես հետաքրքրված է Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման աշխատանքներով․ Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի շրջանակներում, լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց, որ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման վերաբերյալ քննարկում չի եղել, ապա հավելեց, որ առաջիկայում բավականին մեծ մրցութային գործընթաց կլինի․
«Ենթադրվում է, որ մրցույթին տարբեր միջազգային շինարարական կազմակերպություններ կմասնակցեն, հայտ կներկայացնեն, ենթադրում եմ՝ նաև ռուսական կողմի մեր գործընկերները նման ցանկություն կունենան»։
Թե ո՞րն է պատճառը, որ մրցույթը հայտարարելու գործընթացն այսքան ձգձգվեց, Գնել Սանոսյանն ասաց․
«Բավականին մեծ պրոցես է և չի կարող այդպես արագ տեղի ունենալ, հատկապես, երբ միջազգային որոշակի վարկային միջոցներ կան․ պետք է գործընկերների հետ մի շարք ընթացակարգեր համաձայնեցնել։ Մրցույթն այս տարվա ավարտին կհայտարարվի, բայց մի քանի ամիս կտևի, մինչև մի շարք փուլեր ամփոփվեն և հաղթող ընկերությունը կամ ընկերությունները հայտնի դառնան, որից հետո նոր շինարարական պրոցեսը կսկսվի»։
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե արդյոք համաձայն հայտարարության՝ այս տարվա նոյեմբերին Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցման աշխատանքները կավարտվե՞ն, և հաշվի առնելով, որ իրանական կողմը ևս հետաքրքրված է այդ ճանապարհով, կա՞ն պայմանավորվածություններ Իրանի հետ․
«Իրանի գործընկերների հետ բավականին քննարկումներ ունենք նաև այդ ուղղությամբ, իրենք նույնպես հետաքրքրված են հատկապես Հյուսիս-Հարավի կառուցման աշխատանքներով, այնպես որ, ընթացքի մեջ է, առաջիկայում նաև այց ենք նախատեսում, որի շրջանակներում, ենթադրում եմ՝ ավելի մանրակրկիտ կանդրադառնանք այդ հարցերին։ Ինչ վերաբերում է Տաթև-Աղվանի ճանապարհին՝ շինարարությունն ընթացքի մեջ է, գրեթե 24-ժամյա ռեժիմով են աշխատում, այո՛, կավարտենք այդ ժամանակահատվածում։ Ընդհանրապես նախատեսված է 3 շերտ ասֆալտ տեղադրել, բայց մենք մի շարք հատվածներում այս տարի կբավարարվենք 2 շերտ ասֆալտ տեղադրելով, հասկանալով, որ որոշակի ժամանակ է պետք, եթե նույնիսկ հետո թերություններ ի հայտ գան, 3-րդ շերտը դնելուց առաջ այդ թերությունները կշտկենք, նոր վերջնական շերտը կտեղադրենք, բայց 2 շերտը ամբողջովին բավարար է, որպեսզի ճանապարհը նորմալ անցանելի լինի․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում