Ֆեյքին հղում տալով՝ ԶԼՄ-ն պատասխանատվությունից չի ազատվում. Կարեն Անդրեասյան
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Նախագծի հարակից զեկուցողն էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որը պնդեց, թե նախագծի նախնական տարբերակում լրջագույն փոփոխություններ են արվել, սկզբում ներկայացված տարբերակն ունեցել է խութեր, պրոբլեմներ, որոնք փոխվել են:
«Այս նախագծում, որը հենց հիմա է դրված ձեր սեղաններին, ոչ թե նախկինում, չկա ոչ մի ավելորդ ծանրաբեռնվածություն կամ իրավական բեռ, որը դրվելու է լրագրողների վրա կամ լրատվական գործունեություն իրականացնողների վրա՝ կապված անանուն աղբյուրների հետ…
Մենք խնդիր ունենք, որ լրագրողները միշտ կարողանան օգտվել անանուն աղբյուրներից… Բայց դա չի նշանակում, որ լրագրողը, երբ չի բացահայտում անանուն աղբյուրը, ազատվում է պատասխանատվությունից: Ամբողջ աշխարհի պրակտիկան հետևյալն է՝ այո, դու կարող ես ունենալ անանուն աղբյուր, բայց անանուն աղբյուրի համար պատասխան տալիս ես դու, լրագրող, լրատվամիջոց: Եվ դա ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում…
Տպավորություն կարող է ստեղծվել որևէ մեկի մոտ, որ մենք խոսում ենք, որ այս օրենքը կամ որևէ օրենք Հայաստանում, կամ նախագիծ, պարտադրում է լրագրողին բացահայտել իր աղբյուրները: Չկա նման բան: Միակ դեպքը, որ կարող է դատարանը պարտադրել լրագրողին բացահայտել իր աղբյուրը, եթե դա վերաբերում է ծանր հանցագործությանը, քրեական գործին և այլն»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Կարեն Անդրեասյանն անդրադարձավ «Անկախ Հայաստան» և «Ռեգինա Պռազյան» ֆեյքերին, օրինակ բերեց այն դեպքերը, երբ այդ օգտատերերը կարող են որևէ գրառում կատարել, ինչն էլ լրատվամիջոցները կարող են տարածել՝ առանց ստուգման:
«Այս նախագիծն ասում է, որ եթե դու կարող ես հղում անել նորմալ աղբյուրներին, այսինքն՝ հայտնի աղբյուրներին, մարդկանց՝ ճանաչված կամ անհայտ, բայց գոնե որոնց կարելի է հասկանալ՝ ով է այդ մարդը, կամ որևէ լրատվամիջոցի, կամ որևէ պաշտոնական աղբյուրի, դու զրպարտության համար պատասխանատվություն չես կրում: Բայց եթե դու օգտվել ես ֆեյքից, որպեսզի զրպարտես մի ուրիշին, դու կրում ես պատասխանատվություն: Եվ այս նախագիծը նրա մասին է, որ ֆեյքին հղում տալով՝ դու պատասխանատվությունից չես ազատվելու»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Արդարադատության նախարարի խոսքով՝ սրանում ժողովրդավարության կամ լրատվամիջոցի դեմ ոչ մի քայլ չկա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում