Բաժիններ՝

«Երեխու վիճակը հիմա նորմալ է․ 3 երեխաներս էլ մի քիչ վախեցած են․․․»․ երեխաների ներկայությամբ բռնի ուժով բերման ենթարկված տղամարդ

Հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր ակնհայտ երևում էր, թե ինչպես էին ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և հայհոյելով՝ մի տղամարդու բերման ենթարկում, իսկ այդ ամենը կատարվում էր երիտասարդ տղամարդու մանկահասակ երեխաների աչքի առջև։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երեխաներից կրտսերը՝ 5-ամյա Արտաշեսը, ցնցումներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ցույց էր տրվել առաջին բուժօգնություն, նշանակվել անհրաժեշտ բուժում և դեղորայք, ապա ծնողի հետ դուրս գրվել։

168.am-ն այսօր զրուցեց Վազգեն Ռաֆայելյանի հետ, նախ հետաքրքրվեց 5-ամյա երեխայի առողջական վիճակով․

«Երեխու վիճակը հիմա նորմալ է, երեք երեխաներս էլ մի քիչ վախեցած են, բայց դե․․․ Երեխեքի մոտ այդ միջադեպի մասին չենք խոսում, որ նորից չհիշեն, մի քիչ ցրվեն․․․»։

Ինչ վերաբերում է պատճառված նյութական վնասին, Վազգենն ասաց, որ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապամոնտաժված շինությունում մեծ թվով ավտոպահեստամասեր են եղել, խոսքը մեծ գումարի մասին է․

«Ոչ մի բան դեռ չեմ հաշվել, խոսքը շատ մեծ գումարի մասին է․․․»։

Հիշեցնենք, որ տղամարդու նկատմամբ նման բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկելու պատճառը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 3/15 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա կառուցված 50 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինությունն է։

Ռաֆայելյանի փաստաբանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրավական առումով, վարչարարության առումով օրենքի տառին համապատասխան ամեն գործողություն արված էր, որպեսզի շինությանը չմոտենային, և քանդման գործողություններ չիրականացվեր։

Իսկ ահա Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանի քաղաքապետարանի գործողությունները կատարվել են օրինականության պահանջներին համապատասխան։

Կարապետյանը նաև նշել է, որ ապամոնտաժման ընթացքում քաղաքացին ագրեսիվ վարքագիծ է դրսևորել՝ հայհոյանքներ է հնչեցրել, անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել Ոստիկանության և Երևանի քաղաքային իշխանության հասցեին, հրաժարվել է ենթարկվել նրանց օրինական պահանջներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս