Բաժիններ՝

«Գիշեր-ցերեկ տանջվում, աշխատում եմ, որ ապագա լինի երեխեքիս, գալիս երեխեքիս դեմը ջարդում են գլխիս, գնում են»․ բերման ենթարկված քաղաքացի

Երեկ ուշ երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց՝ ակնհայտ երևում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և հայհոյելով՝ մի տղամարդու բերման ենթարկում: Իսկ  ամենաուշագրավն  այն էր, որ ամեն ինչ կատարվում էր  երիտասարդ տղամարդու մանկահասակ երեխաների ներկայությամբ ու նրանց աչքի առջև։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ երեխաներից կրտսերը՝ 5-ամյա Արտաշեսը, ցնցումներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բուժհաստատությունից 168.am-ին փոխանցեցին, որ երեխան իրենց մոտ տեղափոխվել է շտապօգնության մեքենայով, ունեցել է սրտխառնոց, տեղում ցույց են տվել առաջին բուժօգնություն, նշանակել անհրաժեշտ բուժում և դեղորայք, ապա ծնողի հետ  դուրս է գրվել։

Մեզ հաջողվեց հիվանդանոցի բակում զրուցել բռնի ուժով բերման ենթարկված տղամարդու՝ 33-ամյա Վազգեն Ռաֆայելյանի հետ։ Նա ոստիկանության բաժանմունքում երեկ շուրջ 2 ժամ մնալուց հետո էր ազատ արձակվել․

«Հենց երեխեքի աչքի դեմը, ոստիկանները շատ «սիրուն, գեղեցիկ» ձևով խփեցին գետնին, կանդալներ հագցրեցին ձեռքերիս, բայց չգիտեմ խի, երևի մարդ էի սպանել, տարան բաժին։ Ասացի՝ մի քանդեք, այստեղով ապրում եմ, սաղ ապրուստս այդտեղ է, բայց սաղ ապրանքներով ջարդեցին, գնացին, ես չեմ էլ տեսել ջարդելուց, ինձ տարել էին արդեն մինչև քանդելը։ Ես չհասցրեցի անգամ երեխեքիս մոտենամ, թույլ չտվեցին մոտենամ, երեխեքն ընդեղ լացում էին, ասացի էլ՝ թողեք երեխեքի մոտ գնամ, բայց չթողեցին, քաշելով տարան, գցեցին գետին, հարվածելով նստեցրին մեքենան, տարան բաժին՝ ոչ հագս կոշիկ էին թողել, շորերս՝ քաշել, ճղել, մի հատ ահավոր վիճակ էր մոտս»:

Իսկ մեր զրուցակցի նկատմամբ նման բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկելու պատճառը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 3/15 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա կառուցված 50 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինությունն է։

Վազգենն ասում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ամիսներ առաջ հասցրել էին այս շինությունը ապամոնտաժել, այն ժամանակ դեռ ավարտին չէր հասցրել։ Ասում է՝ դիմել էր քաղաքապետարան, որ օրինականացնեին շինությունը, սակայն համապատասխան որոշում չէր ստացել, և կառույցն ապամոնտաժվել էր։ Երկրորդ անգամ դատարանից կասեցման ակտը եկել էր.

«Այդտեղ բոքսեր են, պահեստամասեր եմ վաճառում, մեքենա եմ քանդում-սարքում, դրանով եմ 3 երեխուս պահում: Առաջին անգամ սարքելուց՝ ես տարել, թղթերը հանձնել եմ քաղաքապետարան, որ օրինականացնեն, ծանուցումը տվել էին ինձ, որոշումը չէի ստացել, առաջին ագնամ այդպես եկան քանդեցին, իսկ երկրորդ անգամ կասեցումն արդեն եկել էր դատարանից, որ չքանդեն, նորից վերակառուցեցի, որ կարողանամ աշխատեմ ու ապրեմ»։

Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը ասվածին հավելեց, որ Կառավարության 912 Ն որոշումը թույլ է տալիս, որ քաղաքացին ինքնակամ շինություն կառուցի, եթե այն չի հակասում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին, այսինքն՝ այնտեղ ենթակառուցվածքներ, կանաչ գոտիներ չկան։

«Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ ինքնակամ կառույցն օրինականացնելու, հետո դիմել ենք վարչական դատարան, որպեսզի դա օրինականացվի, այնուհետև Երևանի քաղաքապետարանը կայացրել է քանդման որոշում, դա վիճարկվել է վարչական դատարանում: Այնուհետև Երևանի քաղաքապետարանին դիմում եմ գրել, որ ձեռնպահ մնան քանդման գործողություններից, հետագայում նաև այդ մասով եմ հայց տարել, որպեսզի հայցի ապահովում ունենամ, իհարկե մերժել է վարչական դատարանը, գտել է, որ ինքը սպառնալիք չի տեսնում, որ ինքնակամ շինությունը կքանդվի:  Այսինքն՝ իրավական առումով, վարչարարության առումով օրենքի տառին համապատասխան ամեն գործողություն արված էր, որպեսզի շինությանը չմոտենային, և քանդման գործողություններ չիրականացվեր»։

Փաստաբանը հայտնեց նաև, որ երեկ, երբ Երևանի քաղաքապետարանից զանգահարել և ասել են՝ գնում են նշված հասցե, որպեսզի քանդման աշխատանքներ իրականացնեն, այդ պահին քաղաքապետարանի կայքում համապատասխան որոշում չի եղել։ Տեղեկանալով, որ 3688 որոշումն է, քաղաքապետարանի կայքում արդեն նշված համարով է փնտրում որոշումը, սակայն ապարդյուն, որոշումը կրկին առկա չի եղել․

«Քանի որ ես արդեն համարն ունեի, վերադասության բողոք եմ տանում քաղաքապետարան, իսկ վարչարարության մասին օրենքը, նաև 74-րդ հոդվածը ասում է՝ եթե վերադասության բողոք ես տանում, վարչական ակտի գործողությունը կասեցվում է․․․»։

Հասմիկ Մարտիրոսյանն այս ամենից հետո արագ շտապել է Կուրղինյան 3/15 հասցե, իսկ այնտեղ, ինչպես փաստաբանն է նշում, ոստիկանության շուրջ 70 աշխատակից, մոտ 30 անձ էր Երևանի քաղաքապետարանից.

«Մոտենում եմ, ասում եմ՝ ո՞վ է իրավասու, ո՞ւմ հետ ես խոսեմ, ներկայանում է՝ պարոն Դարբինյան, ասում եմ՝ ի՞նչ հիմքով եք եկել, ցույց է տալիս որոշում, որոշումն անստորագիր, առանց կնիքի, միայն հասցեավորված, ասում եմ՝ սա առոչինչ վարչական ակտ է, չունի ստորագրություն, չունի կնիք, չունի հասցեատեր, միայն հասցեավորումն է: Բերում եմ երկրորդ պատճառաբանությունը, որ մենք իրազեկված չենք այդ վարչական ակտի մասին, եթե այսօր է ընդունվել և ստացել է ուժ, ապա հաջորդ օրը, երբ քաղաքացին կիրազեկվի և չի ձեռնարկի միջոցներ, նոր դուք կմոտենաք քանդման աշխատանքներ իրականացնելու»։

Հասմիկ Մարտիրոսյանն ասում է, որ իր  բերած ապացույցները, փաստարկները, հորդորները որևէ բան չփոխեցին․

«Քամահրանքով, ծիծաղելով՝ «կարայիր, թող մի բան անեիր, չես կարացել, հիմա ի՞նչ ես ասում։ Մոտենում եմ ոստիկանին, ասում եմ՝ հարգելի ոստիկան, ասեք՝ զանգի, հանձնարարականի, ո՞նց եք հայտնվել այստեղ, պատասխանեցին՝ «մենք չունենք քեզ ասելու, ի՞նչ ես արագ-արագ խոսում, քեզ ի՞նչ պետք է պարզաբանենք: Բացատրում եմ, որ երեխաներ կան, արդեն այնտեղից հրահանգ է լինում՝ ապե, դե հերիք ա, վերջացրեք, քաշեք, քցեք դուրս, գործողություններ ենք կատարում։ Երեխան Վազգենի գիրկն էր այդ պահին, ոստիկանները երեխային քաշեցին Վազգենի գրկից, ասացին՝ Վազգենին խփեք գետնին, տեսեք՝ քիթը կպել ա գետնին, հողերի մեջ ա։ Մի հատ ընկավ, բարձրացրեցին, մի հատ էլ խփեցին գետնին, ձեռնաշղթաները բերեք, էլ չեմ խոսում հայհոյանքների մասին, այդ բոլորը տեսնում էին երեխաները։ Այդ պահին տրակտորն է մոտենում կովշով, երեխաներն այնտեղ տնկած փոքրիկ ծաղիկներ ունեին, կովշով այդ ծաղիկներն են վերցնում, բարձրացնում, թափում, ու 100 տղամարդ հիացմունքով նայում են, մեծ գործ են անում։ Այդ ժամանակ այս երեխան, որ հիմա հիվանդանոցում է, անմիզապահություն ունեցավ հենց այդ պահին»։

Մարտիրոսյանն ասում է, որ բազմաթիվ փաստաբաններ են արձագանքել այս միջադեպին և իրենց աջակցություն են  հայտնել, արձագանք եղել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Ասում է՝ ամեն ինչ անելու են, որպեսզի արդարությունը հաղթի, իսկ բոլոր մեղավորներն անխտիր պատժվեն։

Վազգենի հետ եղանք նաև Կուրղինյան 3/15 հասցեում գտնվող տարածքում, որտեղ երեկ տեղի էր ունեցել աղմկահարույց միջադեպը։ Շինությունն ամբողջությամբ ապամոնտաժված էր, իսկ գույքը՝ փլատակների տակ։

«33 տարեկան տղա եմ, գիշեր-ցերեկ տանջվում, աշխատում եմ, որ կարողանամ մի բան ստեղծեմ, վաղը-մյուս օրը ապագա լինի երեխեքիս, վերջում էլ գալիս, երեխեքիս դեմը ջարդում են գլխիս, գնում են․․․ Չգիտեմ՝ սատանան մենակ ըտենց բան կանի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս